Search
Close this search box.

Մեր նպատակն է Հայաստանում Ճապոնական Շոտոկան կարատեով զբաղվողների թիվը հասցնել առնվազն 5000-ի.JKS Armenia

Օրեր առաջ կայացել է ճապոնական Շոտոկան կարատեի (JKS Armenia) Երևան քաղաքի բաց առաջնությունը:
Մրցաշարին պետք է մասնակցեին միայն Երևանի մարզակումբները, սակայն ֆեդերացիան մասնակցության հնարավորություն է տվել նաև Արցախի և Դիլիջանի մարզակումբներին, ընդհանուր թվով՝ 120 երեխա:
Առաջնությունը տեղի է ունեցել 6-7, 8-9, 10-11, 12-13, 14-15, 16-17, 18 և բարձր տարիքային խմբերի միջև:
Ֆեդերացիան ավանդական կարատեի հիմքերով է շարժվում առաջ և միակն է, որտեղ քաշը որոշիչ դեր չի խաղում:
«Նախապատրաստական փոքրիկ մրցաշար էր: Մայիս ամսին կկազմակերպվի Շոտոկան կարատեի փակ առաջնություն, որին կրկին կմասնակցի Արցախը: Այս անգամ Արցախի մեր սաներին հրավիրել էինք, որպեսզի հասկանանք, թե ինչ արդյունք են գրանցել մի քանի ամսվա ընթացքում, քանի որ մարզակումբներն այստեղ նոր են բացվել»,-ասաց JKS Armenia ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Խաչատրյանը:
Անդրադառնալով մրցաշարի արդյունքներին՝ ֆեդերացիայի նախագահը նշեց, որ ընդհանուր առմամբ մրցաշարից գոհ է:
«Յուրաքանչյուր տարիքային խմբում 6 մեդալ էր նախատեսված: 3 կատա մրցաձևի համար, 3՝ կումիտեի: Մասնակիցներ եղան, ում միավորները հավասար էին, այս անգամ, որպես խրախուսանք, երկու հատ 3-րդ տեղ ենք հատկացրել, սակայն հաջորդ մրցաշարերում այդպես չի լինելու»,-նշեց նա:
Ճապոնական Շոտոկան կարատեն Հայաստանում արագ է զարգանում: Մարզիչների վարպետության և հետևողականության արդյունքում՝ մարզիկներ կան, որ շատ արագ գերազանց արդյունքի են հասնում: Օրինակ 6 -7 տարիքային խմբի մասնակից Էդմոն Ադամյանը, ով ընդամենը սեպտեմբեր ամսից է հաճախում կարատեի, մրցաշարում երկու ոսկե մեդալի է արժանացել:

Առաջնության ադյունքներն ամփոփելիս, մարզիչների միջև անհամաձայնություններ են եղել:
«Անհամաձայնություններ եղել են գնահատելու ժամանակ: Թերություններ եմ նկատել և դիտողություններ եմ արել, որպեսզի հաջորդ անգամ նման սխալներ չլինեն և մարզիկների կողմից պարտության դեպքում հոգեբանական վիճակները վերահսկվեն:
Հետաքրքիրն այն է, որ մարզիչները իրենց սաների հանդեպ ավելի խիստ էին դատում: Հովհաննիսյան Հովհաննեսն ու Հովակիմյան Հրաչյան կատա մրցաձևում իրենց աշակերտներին ցածր գնահատեցին: Իրականում, այս խստությունն իր արդյունքը կտա և նրանց սաները մայիս ամսին շատ ավելի լավ կներկայանան»,-ասաց Սերգեյ Խաչատրյանը:
Կարատեն մարտարվեստ է նախատեսված բոլորի համար: JKS Armenia-ով հետաքրքրված են նաև աղջիկները:
Մրցաշարին Արցախի մասնակիցների թվում նաև աղջիկներ կային: Նրանք 2-րդ,3-րդ տեղեր գրավեցին մրցաշարում: Աղջիկները մեծ սիրով են հաճախում կարատեի անգամ լուրջ նպատակներ ունեն այս մարտարվեստի հետ կապված:
Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ առաջիկայում շատ ծրագրեր կան նախատեսված:
Երևանում կկազմակերպվի ակումբային երկու մրցաշար: Հայաստանում ապրիլին տեղի կունենա մեծ առաջնություն: Մնացած ծրագրերի մասին Սերգեյ Խաչատրյանը նախընտրեց չբարձրաձայնել:


Նշենք, որ Ճապոնական Շոտոկան կարատեն՝ JKS Armenia-ն, Հայաստանում անվճար է անցկացնում պարապմունքները: Մարզումներին կարող են մասնակցել բոլորը՝ առանց խտրականության: Մարզակումբների հետ կապված ողջ ծախսերը հոգում են ամերիկաբնակ բարերար Էլվիս Մադաթյանն ու Սարգիս Թադևոսյանը՝ Արաբոյի Սաքոն:
«Շնորհակալ եմ Էլվիս Մադաթյանին, և Սարգիս Թադևոսյանին, ում շնորհիվ Հայաստանում JKS Armenia-ն արագ քայլերով առաջ է ընթանում: Նրանց աշխատանքը շատ մեծ գնահատանքի է արժանի: Նրանց շնորհիվ մենք ուշադիր ու արագ կողմորոշվող տղաների ենք բանակ ճանապարհում: Մեր նպատակն է Հայաստանում Շոտոկան կարատեով զբաղվողների թիվը հասցնել առնվազն 5000-ի: Էլվիս Մադաթյանն ու Սարգիս Թադևոսյանը ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի մարզակումբների հովանավորչությունն են իրենց վրա վերցրել»,-ասաց ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Խաչատրյանը:
Արցախից ժամանած երեխաները ոչ միայն մասնակցել են առաջնությանը,այլև զբոսնել Երևանում և հմայվել տոնական զարդարանքով: Առաջին անգամ մետրո են նստել, ֆիլմ՝ դիտել մեծ էկրանից:
Ամանորին ընդառաջ JKS Armenia-ի նախագահը շնորհավորեց բոլորին, իսկ իր սաներին մաղթեց առողջություն և հաղթանակներ: