Search
Close this search box.

Ձերբակալվել է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է, լուրը հաստատել են ՀՔԾ–ից։

Թավադյանին ձերբակալել են կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: Նա բերման էր ենթարկվել այսօր, ժամը 14:00-ին:

Նշենք՝ քիչ առաջ հայտնի դարձավ, որ նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին, որը, ըստ Ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին գումարի և հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ մայիսի 17–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրի բակում տեղի ունեցած միջադեպի փաստով մեղադրանք էր առաջադրվել Արմեն Թավադյանին: Մայիսի 13-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատական նիստի ընթացքում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում միջադեպ էր տեղի ունեցել։ Ակտիվիստ Վարդգես Գասպարին հայտարարել էր, որ իրեն շշով հարվածել են, ինչի հետևանքով աչքի շրջանում կապտուկ է առաջացել։

Միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը հայտնել էր, որ միջադեպից հետո ոստիկանության բաժին են բերման ենթարկվել` 3, հրավիրվել` 2 քաղաքացի։ Նրանց թվում է եղել նաև «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը։

Թավադյանը, սակայն, պնդում է, որ ինքը չի հարվածել Վարդգես Գասպարիին։ Մայիսի 18–ին Թավադյանը ազատ էր արձակվել։