Search
Close this search box.

Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող Արկադի Քոչինյանի կյանքը վտանգված է. ՀՔԱՎ

Օրեր առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ է ստացել այն մասին, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում պահվող Արկադի Քոչինյանը ՔԿՀ-ի առավել ապահով մասից տեղափոխվել է այլ մաս, որտեղ նրա կյանքին եւ առողջությանը լուրջ վտանգ է սպառնում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է.

«Ստացված տեղեկատվության հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017թ. հոկտեմբերի 6-ին գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին ՝ Արկադի Քոչինյանի կյանքի ու առողջության պաշտպանության համար անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու եւ վերջինիս անվտանգությունն ապահովելու հարցով:

ՀՀ Արդարադատության նախարարությունից դեռեւս չեն արձագանքել, սակայն Արկադի Քոչինյանի ծնողները նույն խնդրի մասին արդեն երկրորդ անգամ են ահազանգում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Վերջիններս հայտնում են, որ նա գտնվում է վատ վիճակում, նրա կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում, որը կարող է տեղի ունենալ նույնիսկ ժամերի ընթացքում:

Նշենք, որ օրեր առաջ ահազանգերի հետքերով կալանավայր այցելած ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում  հասարակական վերահսկողություն իրականացնող հասարական դիտորդների խմբին չեն թույլատրել հանդիպել Արկադի Քոչինյանի հետ՝ պատճառաբանելով, որ քննիչի կողմից նրա հետ տեսակցությունների սահմանափակման մասին որոշում է կայացվել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել Նուբարաշեն ՔԿՀ կալանավոր Արկադի Քոչինյանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Եթե Արկադի Քոչինյանը սպանվի, կամ ինքնասպանվի, կամ կատարի նման փորձ, կամ ինքնավնասում, ապա ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ Արդարադատության նախարարությունը, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության եւ Նուբարաշեն ՔԿՀ ղեկավարությունը»: