Search
Close this search box.

«ՍԱՍ»-ի Արտակը վախեցել է

«Terrazza» սրճարանի տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը, նույն ինքը՝ «ՍԱՍ»-ի Արտակը, գործարար Արամ Քոչարյանը հրաժարվել են ենթարկվել դատաբժշկական փորձաքննության։ Ավելին՝ Արտակ Սարգսյանն ընդհանրապես հրաժարվել է Քննչական կոմիտեում ցուցմունք տալ։

հունիսի 5-ին Երեւանի կենտրոնում միջադեպ է տեղի ունեցել Արտակ Սարգսյանի մասնակցությամբ։ Մասնավորապես, միջադեպը գրանցվել է Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում: Դեպքի ականատեսներից մեկը «Փաստինֆո»-ին պատմել էր, որ Արտակ Սարգսյանը ռեստորանում մենակ չի եղել, այնտեղ են գտնվել նաեւ այլ անձինք, որոնց թվում էր նաեւ ռուսաստանահայ գործարար Արամ Քոչարյանը։ Ռեստորանի այցելուները հանկարծակիի են եկել ԱԺ նախկին պատգամավորի բղավոցներից, ով դուրս է եկել ռեստորանի բացօդյա տարածք ու թիկնազոր կանչել։ Կարճ ժամանակ անց ռեստորան էին ժամանել նաեւ ոստիկաններ, որոնց թվում էին տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Ըստ տեղեկությունների՝ միջադեպի ժամանակ նաեւ հարվածել էին Արտակ Սարգսյանին։

Դեպքի առթիվ հունիսի 8-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե 6 ամիս տեւած նախաքննության արդյունքում պարզվել են արդյոք միջադեպի հանգամանքները, մասնակիցների շրջանակները եւ կան արդյոք մեղադրյալներ։ Քննչական մարմինն ի պատասխան հաստատել է «Փաստինֆո»-ի տեղեկությունը, որ դեպքի օրը Արտակ Սարգսյանի հետ միասին ռեստորանում է եղել նաեւ գործարար Արամ Քոչարյանը։ Ավելին՝ նրա նկատմամբ նշանակվել է անգամ դատաբժշկական փորձաքննություն, սակայն վերջինս հրաժարվել է ներկայանալ։ Նկատենք, որ միջադեպի մասնակիցները քննիչի մոտ պնդել են, թե իրականում ոչինչ տեղի չի ունեցել։

«Քրեական գործով վկաներ Արտակ Սարգսյանի, Արամ Քոչարյանի, Գագիկ Գրիգորյանի, Հարություն Վարսամյանի, Գագիկ Շահգելդյանի, Նորիկ Պետրոսյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն վերջիններս հրաժարվել են ներկայանալ դատաբժիշկ-փորձագետի՝ պատճառաբանելով, որ իրենց մասնակցությամբ որևէ միջադեպ չի եղել, որի ընթացքում ստացած լինեն մարմնական վնասվածքներ»,- հայտնել է Քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Յուրա Բադալյանը։

Նրա տեղեկացմամբ՝ կատարվել է վերոնշյալ անձանց մարմնի քննում, սակայն քննության համար հետաքրքրություն ներկայացնող հետքեր, մարմնական վնասվածքներ կամ սպիներ չեն հայտնաբերվել։ Ավելին՝ պաշտոնական մարմնից հայտնել են, թե քրեական գործի նախաքննության ընթացքում «ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների համադրման արդյունքում պարզվել է, որ հիշյալ սրճարանի տարածքում վիճաբանություն չի եղել, որեւէ անձի մասնակցությամբ միջադեպ չի գրանցվել, անձինք քրեական գործով մեղադրյալներ ներգրավվել, հիշյալ ռեստորանի կամ դրան հարակից տարածքում տեսանկարահանող սարքեր եւ տեսախցիկներ չեն հայտնաբերվել»։

Նկատի ունենալով նաեւ, որ գրավոր պատասխանում նշվել է, որ քրեական գործով նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում, ենթադրվում է, որ այն կկարճվի,սակայն հետաքրքիրն այլ է։

Նախ պարզ չէ, թե ինչու է քրեական գործով նախաքննությունը կատարվում զինվորական քննչական գլխավոր վարչությունում, քանի որ այս մարմնին ենթակա են քննության միայն զինվորականների մասնակցությամբ միջադեպերը, ասել է թե՝ ուրեմն ինչ-որ բան եղել է, որին մասնակցել է նաեւ զինվորական։

Երկրորդ, ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քրեական գործով հարցաքննվել է նաեւ «ՍԱՍ»-ի Արտակը, բայց պարզվում է վերջինս հրաժարվել է ցուցմունք տալ։ Մինչդեռ՝ ցուցմունք տալը վկայի պարտականությունն է եւ ոչ թե իրավունքը։

Գրավոր պատասխանում քննչական կոմիտեն հայտնել է, որ Արտակ Սարգսյանը որպես վկա հարցաքննվելիս, «օգտվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված վկայի իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալ եւ պատասխանել հարցերի։

Նշենք, որ վկայի իրավունքներն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածով։ Ըստ որի՝ վկան պարտավոր է` տալ ճշմարտացի ցուցմունքներ` հայտնել գործով իրեն ամբողջ հայտնի դարձածը և պատասխանել առաջադրված հարցերին, ստորագրությամբ հաստատել քննչական կամ այլ դատավարական գործողության, արձանագրության մեջ իր տված ցուցմունքների գրառումների ճշտությունը։

Նույն հոդվածի 4-րդ հոդվածը վկային իրավունք վերապահում է ցուցմունք չտալ, բայց կոնկրետ դեպքերում։ այն է՝ նա կարող է «հրաժարվել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ»։ Այսինքն՝ ՍԱՍ-ի Արտակը ցուցմունք տալուց հրաժարվել է նշված կետի վկայակոչմամբ, կարծել է, որ եթե ճշմարտացի ցուցմունք տա, ինչպես պահանջում է օրենսդրությունը, ապա այն կարող է ի վնաս իրեն օգտագործվել, իսկ որն էր նման մտահոգության հիմքը, եթե ինչպես քննչական կոմիտեն է պնդում, ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել։ Ավելին՝ քննիչը նաեւ համաձայնել է, որ Արտակ Սարգսյանը ցուցմունք չտա՝ իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո