Search
Close this search box.

25 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալը շարունակում է պայքարել և չի կորցնում ազատության մեջ լինելու հույսը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նոյեմբերի 21-ին, ժամը 15:30-ին դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ կքննվի Ստեփան Գրիգորյանի վաղաժամկետ ազատման դիմումը։ Ստեփան Գրիգորյանը հավատում է դատարանի անաչառությանը և համոզված է, որ այս անգամ ինքն անպայման ազատ կարձակվի:

Արդեն 25 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալը շարունակում է պայքարել և չի կորցնում շուտով ազատության մեջ լինելու հույսը: Նա շարունակ պնդում է, որ իրեն տված պատժաչափը անմարդկային է և ինքը որևէ մեկին չի սպանել, որը հաստատված է և մեղադրական եզրակացությամբ և դատավճռով։

«Իմ արած բոլոր հանցանքների համար վաղուց զղջացել եմ: Ես արդեն առաջվա երիտասարդ Ստեփանը չեմ:Երազում եմ թոռներիս զբոսանքի տանելու մասին: Ուզում եմ լինել զավակներիս կողքին: Ես չեմ տեսել, թե նրանք ինչպես են մեծանում: Մեղավոր եմ նրանց առաջ, բայց նրանք ինձ երբեք մենակ չեն թողել: Հավատում եմ, որ դատարանը հաշվի կառնի այս բոլոր հանգամանքները»,-համոզված է Ստեփան Գրիգորյանը:

Վերջինիս մասին դրական են արտահայտվել բախտակից ընկերները և բոլոր նրանք, ովքեր երբևէ առիթ են ունեցել ճանաչելու նրան:

«Բնավորությամբ հանգիստ է, նպատակային, շփվող, չկաշկանդվող, միջանձնային և ներխմբային փոխհարաբերություններում կազմակերպող է, նախաձեռնող և իրականացնող, բացասական հակում չունի, հարգալից է աշխատակիցների նկատմամբ, հավասարակշռված է, շփվում է հավասարակշռված և դրական վարքագիծ դրսևորող դատապարտյալների հետ: Կատարած հանցանքի համար զղջում է. հիմնարկում կազմակերպված սպորտային միջոցառումներին մասնակցում է. աշխատանքի ցանկություն հայտնել է, մասնակցում է վերասոցիալականացման միջոցառումներին»,- սա մի հատված է ՔԿՀ-ի վարչակազմի կողմից Ստեփան Գրիգորյանին տված բնութագրից:

Անգամ արդարադատության համակարգի ներկայացուցիչներն են համոզված, որ «նման բնութագիր նույնիսկ ՀՀ առաջատար բուհերի գերազանցիկ ուսանողը չի կարող ունենալ»։

Ստեփան Գրիգորյանին դրական է բնութագրել նաև «Արմավիր» ՔԿՀ-ի նախկին պետը՝ Վ .Եղիազարյանը: Ըստ Եղիազարյանի, Ստեփան Գրիգորյանը բացառիկ դատապարտյալ է և արժանի է ազատ լինելուն։

Նշենք, որ Գրիգորյանին պատժի կրումից վաղաժամկետ պայմանական ազատ արձակման Համար ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը դրական զեկույց է ներկայացվել։ Պրոբացիայի ծառայության զեկույցը ևս դրական է։ Ըստ այդմ, արդյունքում՝ Նոր հանցանք կատարելու հավականությունը ՑԱԾՐ Է և ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ Է ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏՈՒՄԸ ։ Նրա ազատության մեջ նոր հանցանք չկատարելու մասով երաշխավորել են Ազգային Ժողովի 7 պատգամավորներ, ինչը աննախադեպ է: Երաշխավորագրեր ֊ բնութագրեր են տվել մի շարք մտավորականներ, քաղաքական- հասարակական գործիչներ ։

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: 2003թ. օգոստոսի 1-ին Ռոբերտ Քոչարյանի թիվ 103 հրամանագրով՝ մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

2015 թ մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար: Սակայն նախկին իշխանությունների ժամանակ վետո էր դրված վաղաժամկետ ազատման խնդրի վրա ։

Նորայր Գրիգորյան (դատապարյալ Ստեփան Գրիգորյան որդի)