Search
Close this search box.

Մեկ գաղտնի հրաման և մարտի մեկը կկրկնվի. Արտակ Գալստյան

Այսօր քննվում է մարտի մեկի գործը: Այն հարուցված է ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու հոդվածով, որը հանգեցրել է 10 հոգու մահվան: Հենց այս 10 հոգու մահն էր, որ շուրջ 10 տարի, չթողեց որ հասարակությունը մոռանա մարտի մեկը:
Սակայն մարտի մեկի ամենածանր հարվածը միայն մեր 10 հայրենակիցների մահը չէր: Ամենածանր հարվածը, դա մոտ 280 հոգի, ազգի ակտիվ զավակների ապօրինի դատապարտումն էր: Մոտ 300 ազգի նվիրյալների վիրավորումը, նրանց հարազատների տառապանքը:
Սա էր մարտի մեկի ամենամեծ վնասը:

Իսկ այդ վնասը արդեն գումարային տեսքով սկսեց արտահայտվել մարտի մեկից 10 տարի անց, երբ Եվրոդատարանը մեկը մյուսի հետևից սկսեց արդարացնել մարտի մեկի գործերով անմեղ դատապարտված անձանց և պարտադրեց նոր Հայաստանի իշխանություններին փոխհատուցել մարդկանց պատճառված վնասը:

Փաստացի ունենք մարդկանց խումբ, որոնց անմիջական ցուցումով, որոշների օժանդակությամբ և անմիջական մասնակցությամբ անմեղ դատապարտվել և տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 600 ՀՀ քաղաքացի և պետությանը պատճառվել է ահռելի վնաս:
Եթե զոհվածների և վիրավորների ճակատագրերի խեղման պատասխանատուներին դեռ պետք է պարզի նախաքննությունը, ապա մոտ 280 անմեղ դատապարտված անձանց կյանքերը խորտակած տականքների անունները պարզ են, այդտեղ քննություն կատարել պետք չէ:
Նրանց բոլորի անունները առկա են 280 ՀՀ քաղաքացիների դատական գործերում:
Ավելին, վերը նշված ոճիրները հաստատված են նրանց ստորագրություններով: Դրանք են՝ կեղծ վկաները, գործերը քննած քննիչները, հսկող դատախազները, առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանի դատավորները:
Նրանց մեղքը ապացուցված է, հենց Եվրոդատարանի վճիռներով, նրանց բոլորի անունները առկա են գործերում:
Սակայն ազգի այս տականքը դեռևս շարունակում է պաշտոնավարել, գործեր քննել, քրեական գործեր հսկել և Հայաստանի Հանրապետության անունից վճիռներ կայացնել:

Մի՞թե սա աբսուրդ չէ: Փաստացի ստացվում է, որ մարտի մեկի գործերով 280 անձի դատապարտումը և 300 անձի վիրավորումը եղել է իրավաչափ, հակառակ դեպքում այս ոճիրը կատարած անձիք այժմ ոչ թե կպաշտոնավարեին, այլ կլինեին բանտերում:
Ցավալի է, բայց նաև պետք է ասեմ հետևյալը՝ եթե 280 անձի դատապարտումը և 300 անձի վիրավորումը իրավաչափ է, ապա տրամաբանորեն իրավաչափ է նաև ռոբասերժական կլանի մարտի մեկին կատարած բոլոր գործողությունները, ընդհուպ մինչև 10 զոհերը:
Ամփոփեմ՝
Այսօր եթե իրավական գնահատական չտրվի մարտի մեկի վայրագությունները օրինականացրած կեղծ վկաների, գործերը քննած քննիչների, դատախազների, դատավորների գործողություններին և նրանք չպատժվեն, ապա մենք իրավունք չունենք դատապարտել նաև մարտի մեկի կազմակերպիչներին:
Եթե մենք դա չանենք այսօր, ապա Հայաստանի Հանրապետությունում մարտի մեկի կրկնությունը կլինի անխուսափելի մի պարզ պատճառով: Մարտի մեկը իրականացրած կատարողները բոլորը տեղում են և շարունակում են պաշտոնավարել:
Մարտի մեկի կատարողները արդեն համոզված են, որ նույնիսկ հեղափոխության դեպքում իրենք անպատժելի են և նույնը կկրկնեն արդեն ունենալով այս համոզմունքը: Իսկ անպատժելիությունը ծնում է նոր հանցանք:

Այստեղից էլ հետևություն: Եթե մի օր Վարչապետը այլևս չլինի Նիկոլ Փաշինյանը, ապա հաջորդ Վարչապետին մարտի մեկ կազմակերպելու համար ընդամենը պետք է մեկ գաղտնի հրաման տալ, դիցուք թիվ 0039 և մարտի մեկի կատարողները կրկին կիրականացնեն այն:
Եթե սա երբևիցե իրականանա, ապա դրա պատասխանատուն մեր սերունդների առջև կլինենք մենք, այսօրվա ՀՀ հպարտ քաղաքացիներս:
Եվ սա ավետարանական ճշմարտություն է:

Արտակ Գալստյան