Search
Close this search box.

Հարված Սասուն Միքայելյանին

«Սասուն Միքայելյանը չգիտեր, թե ում մասին է խոսում»: Այսպես է արձագանքում ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի (այսուհետ՝ տ/բ) նախկին փոխնախագահ Աշոտ Ղարիբյանը ԵԿՄ նախագահի հոկտեմբերի 27-ին արված հայտարարությանը, թե Երկրապահը պետք է մաքրվի:

Ավելի վաղ տեղեկացրել էին, որ ԵԿՄ Կենտրոն տ/բ նախագահի ընտրությունը խաղաղ չէր անցել: Երկրապահ կամավորներից մի քանիսը հանձնել էին իրենց գրքույկները և լքել ժողովը՝ պատճառաբանելով, որ դա Կենտրոն համայնքի ընտրություն չէ, առաջադրված թեկնածուն Կենտրոնից չէ, ժողովի մասնակիցներից շատերն էլ նոր են գրանցված այդ բաժանմունքում:

«Երկրապահը մաքրում են այն դեպքում, երբ մարդուն կանչում են, ասում են՝ «լսիր՛, դու մեր շարքերում տեղ չունես», դա կլինի մաքրել, իսկ դուրս եկող մարդկանց անունը կապեն ԵԿՄ-ն մաքրելու հետ, դա այդպես չէ: Երկու հասկացություն կա՝ մարդիկ, որոնց կանչում-ասում են՝ գնա, մարդիկ, ովքեր իրենք են հրաժարվում: Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի ասածին, ինչպես իրեն տեղեկացրել են, այնպես էլ ինքը մեկնաբանել է: Ինքը պետք է իրականում իմանա, թե ում մասին է զրույցը, որ նոր նման արտահայտություն անի: Բնական է, սա հարված է իրեն, որ դուրս են գալիս, մի ձև պետք է մեղմեր կատարվածը:

Այնտեղ այն տղաներն են, որ հին կորիզն են, եթե մենք ունենայինք մեզ վրա «չեպեներ», մեզանից վաղուց հրաժարված կլինեին, այնպես չէ, որ կսպասեին ժողովի օրը: Երկու ամիս ժամանակ ունեին, կարող էին կանչել-ասել ՝ ընկերներ, մենք չենք ուզում ձեզ հետ միևնույն կառույցում լինել: Դա ավելի գեղեցիկ ու ավելի հստակ կլիներ, մենք էլ արդարացում չէինք ունենա: Եթե մենք մեր դժգոհությունը հայտնեինք ժողովից հետո, մեզ կասեին՝ բա ինչո՞ւ եք հիմա ասում, նախօրոք ասեիք, եթե այդպիսի բան կար, կրվեցիք, հիմա ձեզ սենց եք պահո՞ւմ: Այդպես չէ:

Սասուն Միքայելյանի մեկնաբանությունները մեզ չէին վերաբերում, որովհետև մենք այդ արժանիքների տեր մարդիկ չէինք, երկար տարվա պատերազմի մասնակից ենք, առ այսօր պետությունն է մեր կարիքն ունեցել, ոչ թե Երկրապահը: Մեր կարիքը պետությունը ունի միշտ, հասարակական կազմակերպությունների՝ մեր կարիքն ունենալն ու չունենալը մի փոքր ծիծաղելի է»,- ասաց Աշոտ Ղարիբյանը:

ԵԿՄ Կենտրոն տ/բ նախագահ ընտրված Ռոմիկ Մխիթարյանի հետ չեն հանդիպել ընտրությունը բոյկոտածները, չնայած 168.am-ի հետ զրույցում նա պնդում էր, որ ուզում է հետ բերել կամավորներին:

«Ռոմիկ Մխիթարյանի հետ չեմ հանդիպել, անգամ, եթե ինքը ցանկանա էլ, չեմ հանդիպի, կարելի էր այս ամեն ինչն ավելի գեղեցիկ ձևով անել: Հետո մենք ժողովի հետ կապված սպասումներ ունեինք, դրսից եկողներ ունեինք, իրենց կարծիքն էլ պետք է լսեինք: Ռոմիկ Մխիթարյանի ասածները լոկ խոսքեր են, ընտրությունից անցել է հինգ օր, ունի և՛ հեռախոսահամար, և՛ ամեն ինչ, եթե ուզեր հանդիպել, արդեն արած կլիներ: Միգուցե սպասում է, որ սառի իրավիճակը, մեր որոշումը փոխենք, համարենք, որ ճիշտ չենք վարվել, կարճ ժամանակ հետո արդեն կպարզվի ամեն ինչ»,- ասաց ԵԿՄ Կենտրոն տ/բ նախկին փոխնախագահը:

Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, որ Երկրապահի գրքույկները հանձնողներն ընդամենը 12 հոգի են եղել, ապա Աշոտ Ղարիբյանն առաջարկում է չհաշվել միայն այն գրքույկները, որոնք վայր են դրվել հենց ընտրության օրը:

«25 հոգի էինք ընտրությունը բոյկոտողներս, շատերի Երկրապահի գրքույկներն իրենց մոտ չեն եղել, որ դնեն, շատերը Ֆեյսբուքում գրում են, որ մեզ հետ են, շուտով իրենք էլ են վերադարձնելու գրքույկները: 12 հոգի տվյալ պահին էին, ում մոտ փաստաթուղթ կար, բայց թող 12 հոգի չհաշվեն, մի քանիսը քվեաթերթիկներն են դրել, մարդիկ էլ կան, ես շեշտել եմ, որ չէին եկել՝ հիվանդ էին, երկրում չէին, աշխատանքի էին, լիքը տղերք ունենք, եթե այս իրավիճակը շարուկակվեց, ինձ թվում է՝ գերակշիռ մասը կհեռանա կառույցից»,- ասաց ԵԿՄ նախկին անդամը:
Նյութի աղբյուր՝ 168.am