Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈ. «Լույսի պես տղա էր». Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, 22-ամյա հրշեջ-փրկարարի հոգեհանգստին ներկա էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գուգարքի հրշեջ-փրկարար, 22-ամյա Սամվել Դեվելյանի հոգեհանգիստը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վրեժ Գաբրիելյանը, ԱԻՆ ղեկավար կազմը։
Հոգեհանգստին ներկա էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Ս. Դեվելյանի գործընկերները, հարազատները, հանրապետության տարբեր մարզերից ժամանած նրա գործընկերները։ Հոգեհանգստյան արարողությանը ներկա մեծ թվով քաղաքացիներ ասում էին. «Լույսի պես տղա էր, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր։ Ապրիլյան պատերազմի ժամանակ իր զինակից ընկերների հետ պահեց սահմանը։ Ցավում ենք, որ նման ողբերգական դեպքի հետևանքով կորցրեցինք նրան։ Եթե ապրիլյանի ժամանակ սահմանն էր պահում, ապա ընդունվելով Լոռու մարզի Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատ՝ իր գործընկերների հետ անտառը փրկում էր կրակի ճիրաններից։ Ցավոք, կրակն իր սև գործն արեց։ Ցավում ենք տեղի ունեցածի համար, ընտանիքի անդամներին էլ տոկունություն ու համբերություն ենք ցանկանում»։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ 2 հրշեջ-փրկարար այրվածքներ էին ստացել, որոնցից մեկը մահացել էր, իսկ մյուսին՝ 28-ամյա Էդգար Գրիգորյանին, տեղափոխել էին Վանաձորի հիվանդանոց: