Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սատկած ձկներ՝ Խաչենի ջրամբարի ափերին

Հոկտեմբերի 19-ին ֆեյսբուքայան իր էջում Վլադիմիր Դոլուխանյանը տեսանյութ է տեղադրել:

Տեսանյութում Ասկերանի և Մարտակերտի շրջանների սահմանագլխին գտնվող Խաչեն ջրամբարի ափերին հազարավոր սատկած ձկներ են:

Տեսանկարահանումը արվել է համացանցում տարածելուց մոտ երեք ժամ առաջ: Այդպես ասաց մեզ հետ զրույցում Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղի ուսուցիչ Վլադիմիր Դոլուխանյանը:

Թե երբ են ձկները սկսել սատկել, Դուլուխանյանը չգիտի։ «Մարդիկ ջրամբարի մոտով անցնելիս տեսել են, որ փայլփլող ձկներ կան, այդ ամենն ուղեկցվում էր գարշահոտությամբ: Հնարավոր է՝ մեկ օր է, երկու օր է այդպես է: Մոտակայքում գրեթե մարդ չի ապրում, եղածներն էլ ասում են՝ չխոսենք, որ գլուխներս հանգիստ լինի»:

Այս դեպքին ֆեսյբուքյան էջում անդրադարձել է ԱՀ Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի խորհրդական Հարութ Մնացականյանը՝ հայտնելով, որ առաջիկա ժամերի ընթացքում ջրի և ձկան համապատասխան փորձանմուշներ են վերցնելու լաբորատոր ուսումնասիրության համար:

«Հարգելի Վլադիմիր Դոլուխանյան, սիրելի ընկերներ, նյութին ծանոթանալուց անմիջապես հետո անձամբ դեպքի մասին տեղյակ եմ պահել ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարին, կենսառեսուրսների, ջրային ռեսուրսների կառավարման բաժնի պետին ու բնապահպանական և ընդերքի պետական տեսչության պետին։

Առաջիկա ժամերի ընթացքում ջրի և ձկան համապատասխան փորձանմուշներ են վերցնելու լաբորատոր ուսումնասիրության համար, կուսումնասիրվի նաև տեղանքը, որից հետո նոր միայն հնարավոր կլինի պարզել պատճառները։ Ամբողջ գործընթացը վերահսկվելու է նախարարի տեղակալի կողմից»,- գրել է Հարութ Մնացականյանը:

Խաչենի ջրամբարը, ըստ ԱՀ Գյուղատնտեսությաննախարարության կայքի, ունի 15 մլն խմ ծավալ (այլ աղբյուրներում նշվում է 20-25 մլն խմ): Վերջինս իր տեսակի մեջ մեծությամբ առաջինն է Արցախում: Խաչենագետի միջին հոսանքում գտնվող այս ջրամբարը կառուցվել է խորհրդային տարիներին: