Search
Close this search box.

Նկարելով եմ խոսում մարդկանց հետ. Անանիա Քոչարյանի ցուցահանդեսը

Տպավորիչ գունային խաղ, բուռն էմոցիաներ ու ամեն նայելիս մի նոր ասելիք բացահայտելու հնարավորություն ընձեռող նկարներ, որոնք մինչև հոկտեմբերի 26-ը հնարավորություն ունեք դիտելու՝ այցելելով Թումանյանի 10 հասցեով՝ Nova Arts Gallery & Wine:
Երիտասարդ, քչախոս, բայց շատ տաղանդավոր նկարիչ Անանիա Քոչարյանի անհատական ցուցահանդեսն է, ամփոփել է վերջին 5 տարիների ապրումները, փոթորկուն պահերն ու հախուռն մտքերը, ուրախությունն ու տխրությունը: Ամեն մի նկար իր պատմությունն ունի. «Նկարներից յուրաքանչյուրն իր ասելիքն ունի, շատ տարբեր հոգեվիճակներով եմ նկարել: Դուք հիմա տեսնում եք նկարները իրենց վերջնակետում, բայց գործեր կան, որ ծնվել են ամիսների ընթացքում, մի քանի անգամ խմբագրել եմ՝ ամփոփելով այդ ընթացքում ունեցածս հույզերը, պայքարելով ինքս իմ դեմ: Ես ապրում եմ նրանով ինչ անում, դրա համար են երևի մարդիկ ասում, որ անկեղծություն կա նկարներումս»:


Անանիայի արվեստի հետաքրքրությունը նաև նրանում է, որ գործերը թեմատիկ տեսանկյունից պարտադրող չեն, յուրաքանչյուրն իրեն հոգեհարազատ էմոցիան ու գունային համադրությունը կգտնի կտավներում: Կզգա և´ բնության ուժեղ ազդեցությունը, և´ մարդու կռիվն ինքն իր հետ և´ մարդկային հարաբերությունների բարդությանն ու պարզությանը. «Այդքանով հանդերձ ես միշտ փորձում եմ մարդուն պոզիտիվ լիցքեր տալ, իմ աշխատանքներով ցույց տալ, որ անգամ ամենածանր իրավիճակում կա մի լուսավոր կետ դեպի ուր պետք է շարժվել: Ու որ նայեք՝ բոլոր նկարներում պարտադիր կա այդ թեկուզ փոքր, բայց կարևոր հանգրվանը, կետը դեպի ուր ես ուղղում եմ մարդու հայացքը նկարը նայելիս:Ու ինքը միշտ պայծառ գույներով է: Եվ ամենակարևորը՝ ես ուզում եմ որ մարդիկ այդ լուսավոր կետն իրենց ներսում փնտրեն, իրենց զգայական աշխարհում, ոչ իրենցից դուրս», -ասում է Անանիան ու անցնում նաև նկարների արտթերապևտիկ ազդեցության բացատրությանը: Զգում ես, թե նկարիչն ինչպես է ապրում գույների ու հույզերի աշխարհում:
Անանիան դժվարանում է ասել, թե որ հայտնի ուղղության մեջ է ստեղծագործում՝ խուսափելով կոնկրետ շրջանակների մեջ իրեն դնելուց: Ասում է. «Ճիշտ է առավել մոտ է աբստրակցիային, բայց ոչ դասական իմաստով: Ես ուղղակի խոսում եմ մարդկանց հետ»,- ժպտում է նա:


Ի դեպ, մասնագիտությամ նկարիչ- քանդակագործ Անանիան զուգահեռ շատ ակտիվ նաև էզոթերիկա ու հոգեբանություն է ուսումնասիրում, կարող է նույն ոգևորվածությամբ ու հիմնավորվածությամբ խոսել ինքնաճանաչման ու ինքնազարգացման ճանապարհ անցնելու կարևորության մասին, կիսվել տեխնիկաներով, որոնք օգնում են բացահայտել ու ավելի հաշտ ապրել ինքդ քեզ հետ, սիրել կյանքն ու կարողանալ քեզ երջանիկ ու ներդաշնակ զգալ պահի մեջ. «Արվեստն էլ ինձ համար ինքս ինձ բացահայտելու յուրովի աշխարհ է, հնարավորություն է վերապրելու զգացմունքներս ու կիսվելու մարդկանց հետ: Ստեղծագործելու բուռն փուլերի ընդմիջումներում էլ շարունակում եմ հետազոտել մարդկային հարաբերություններն ու օրինաչափությունները, ինձ շրջապատում եմ հետաքրքիր ու իրենց անհատականությունը ունեցող մարդկանց, որպեսզի իմ արվեստով հետաքրքրվողներին միշտ ասելիք ունենամ»,- ասում է նա ու մոտենում ցուցահանդեսի այցելուներին, որոնք հետաքրքրված ու մի քիչ էլ անհանգիստ հայացքներով սպասում են մեր հարցազրույցի ավարտին, որ իրենք էլ առիթ ունեն շփվելու նկարչի հետ: Իսկ ես հեռանում՝ ոգևորված այն գաղափարով, որ այսուհետ սենյակիս պատին ամեն օր տեսնելու եմ տաղանդավոր նկարչի գործերից մեկը, որն ուղղակի չէի կարող չգնել: