Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի հյուրը Պուտինից հետո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Ռուսական երկաթուղիներ ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովին: Հանդիպմանը քննարկվել է երկկողմ գործակցության հարցը: Ռուսական երկաթուղիներ ընկերությանը 2008 թվականից երեսնամյա ժամկետով տրվել է Հայաստանի երկաթուղիների հավատարմագրային կառավարման իրավունքը:

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող խորքային վերանայումները շոշափեցին նաեւ այդ ընկերությանը: 2018-ի սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից առաջ ՊԵԿ-ը հատուկ գործողություն էր իրականացրել ընկերությունում, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր ֆինանսական մեծ չարաշահումների մասին: Հարցը քննարկվել էր նաեւ ՌԴ նախագահի հետ այդ հանդիպմանը, ընդհանրապես Հայաստանում ռուսական կորպորացիաների գործունեության համատեքստում:

Դրանից հետո սակայն խնդիրներն ու Հայաստանի կառավարության հարցերը մնացին: Լայն իմաստով, Հայաստանում ռուսական կորպորացիաների հայաստանյան գործունեության հետ կապված վերանայումները գործնականում անխուսափելի էին: Դրանք Հայաստանում լուծել են նաեւ քաղաքական խնդիրներ: Միաժամանակ, այդ համատեքստում դրանց գործունեությունը տեղավորվելու էր Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքական համակարգերի փոխհարաբերության տրամաբանության մեջ, ելնելով այդ համակարգերի բնույթից: Իսկ այդ հարցում առանցքային դեր ունեին կոռուպցիոն մեխանիզմները:

Հայաստանում համակարգի փոփոխությունն անշուշտ պետք է բերի խոշոր բիզնեսի գործունեության խորքային վերանայման, այդ թվում նաեւ ռուսական պետական կորպորացիաների, որոնք գործում են Հայաստանում:

Այդ թվում է նաեւ Ռուսական երկաթուղիները: Վերջին շրջանում մամուլում եղան հրապարակումներ, որոնք խոսում էին այն մասին, որ Ռուսաստանը հնարավոր է թողնի երկաթուղիների հավատարմագրային կառավարումը:

Նիկոլ Փաշինյանի եւ Բելոզյորովի հանդիպումն արդյոք հուշում է հակառակի մասին: Հատկանշական է, որ այն տեղի է ունենում ԵՏՄ վեհաժողովից հետո, որի շրջանակում Հայաստանում տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին երկմասանոց հանդիպում: Նախօրեին էլ տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, որում խոսել են նաեւ երեւանյան հանդիպմանը պայմանավորվածությունների մասին:

Առնչվու՞մ են դրանք Ռուսական երկաթուղու հայաստանյան գործունեությանը եւ արդյոք Երեւանն ու Մոսկվան այդ հարցում պայմանավորվել են նոր իրավիճակում խաղի նոր կանոնների շուրջ:

Փաշինյանի մոտ հանդիպմանը խոսվել է «ներդրումների ծավալման եւ ապագայում կոնկրետ ծրագրերի իրագործման» մասին: Հայաստանի կառավարությունը նո՞ր նշաձողեր է սահմանում հավատարմագրային կառավարչի համար, խոսելով ապագայի կոնկրետ ծրագրերի մասին: Կա՞ արդյոք դրանցում օրինակ Հայաստան-Իրան երկաթուղու հարցը: Մի քանի տարի առաջ Ռուսական երկաթուղիների ղեկավար Յակունինը հայտարարել էր, որ իրենց համար դա ոչ մի տեղ չտանող ծրագիր է, որը հանգում է պատին,- գրում է lragir կայքը :

Իրավիճակը փոխվե՞լ է: ԵՏՄ վեհաժողովում Երեւանում էր նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Երեւանյան Վեհաժողովը աննախադեպ էր իր ձեւաչափով եւ թերեւս քաղաքական տողատակով: Հոկտեմբերից ուժի մեջ է մտնում ԵՏՄ-Իրան եռամյա ժամանակավոր ազատ առեւտրի պայմանագիրը: Հայաստանը բացու՞մ է պատը: