Search
Close this search box.

«Չվիճե՛ս ինձ հետ, ես թագուհի եմ». Էլթոն Ջոնը հետաքրքիր դրվագներ է ներկայացրել

Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ Էլթոն Ջոնն այս ամսվա վերջին թողարկելու է իր «Էլթոն Ջոնի պաշտոնական ինքնակենսագրականը» գիրքը: Գրքում երգիչը ներկայացրել է իր կյանքից հետաքրքիր դրվագներ, այդ թվում՝ Էլիզաբեթ 2-րդի մասնակցությամբ սկանդալային տեսարանը, որի ժամանակ թագուհին ապտակել է իր եղբորորդուն՝ վիկոնտ Լինլիին, գրում է Daily Express-ը:

Երաժշտի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել երեկույթներից մեկի ժամանակ:

Թագուհին խնդրել է եղբորորդուն հետևել իր քրոջը՝ Լեդի Սառա Արմսթրոնգ-Ջոնսին, որը լավ չի զգացել իրեն, սակայն նա որոշել է մնալ երեկույթին՝ առաջացնելով Էլիզաբեթ 2-րդի զայրույթը:

«Նա մոտեցավ վիկոնտ Լինլիին և թեթևակի ապտակեց նրան՝ ասելով. «Չվիճե՛ս (ապտակ) ինձ հետ (ապտակ), ես (ապտակ) թագուհին եմ (կրկին ապտակ)»,- գրել է երգիչը:

Էլթոն Ջոնի խոսքով՝ այդ «մեթոդաբանությունը» կարծես «աշխատել» է, քանզի դրանից հետո վիկոնտն անմիջապես կատարել է հորաքրոջ հանձնարարությունը: Երգիչը նշել է, որ դրանից հետո թագուհին շրջվել և նկատել է իրեն:

«Նա տեսավ, որ նրան էի հետևում, աչքով արեց ու հեռացավ»,- հավելել է Էլթոն Ջոնը: