Search
Close this search box.

ՊԵԿ-ը ներողություն է խնդրում արքեպիսկոպոսից

Շիրակի թեմի առաջնորդ իմ կողմից շատ հարգված Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ խոսել եմ ու ձեռք բերել լիարժեք ընկալում ֆեյսբուքում իր կողմից բարձրացված հարցի առնչությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ասեմ, որ բացթողում է տեղի ունեցել երկուստեք . փաստաթղթային ձեւակերպումներում Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմը շարունակում է գրանցված մնալ որպես «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ» հասարակական կազմակերպություն, որն ունի տնօրեն ի դեմս Գեւորգ Աջսպահյանի (հենց այս անուն-ազգանունով է գրանցումը կատարված) եւ գործունեություն է կատարում հենց այն հասցեում, որը նշված է եղել ՊԵԿ աշխատակցի նամակում:

Պատճառը թերեւս այն է, որ ժամանակին երբ չկար Կրոնի մասին ՀՀ օրենք, կրոնական կազմակերպությունները գրանցվում էին որպես հասարակական կազմակերպություններ եւ այդ տվյալները պահպանվել են:

Այդուհանդերձ, հանգամանքը չի մեղմացնում նաեւ ՊԵԿ աշխատակցի բացթողումը, ով ցանկացել է կատարել իր աշխատանքը տեղեկացնելով, որ համաձայն Ֆինանսների նախարարության տրամադրված տվյալների «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ» հասարակական կազմակերպությունը գույք է ձեռք բերել, որի ստացման աղբյուրը հանդիսացել է հանրային միջոցը:

Իսկ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե Կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները, ապա Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել նույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը:

Շիրակի թեմի առաջնորդը պարզապես հանրության համար խիստ ճանաչված հոգեւոր այր է եւ գոյություն ունի պատշաճության դիմելաձեւ, որը չպահպանելու համար հայցում եմ Սրբազանի ներողամտությունը:

Ակնհայտ է, որ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել փաստաթղթերում `շտկելով Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի թե գրանցման հասցեն, թե կազմակերպա-իրավական տեսակը եւ բոլոր տվյալները փոխանցել հաշվառող մարմին`բացառելու հետագայում նմանօրինակ թե ՊԵԿ-ի, եւ թե Շիրակի թեմի համար ոչ հարիր իրավիճակները:

Ինչ վերաբերում է Սրբազան Հոր ֆեյսբուքյան գրառմանը, ապա այն իմ համար լիովին ընդունելի է բացառապես որպես քրիստոնյա զավակ, քանի որ հոգեւոր առաքելության հանդեպ իմ վերաբերմունքը վեր է ցանկացած փաստաթղթային ձեւակերպումներից: Ամեն դեպքում, խնդիրը պարզվել է եւ կա ցանկություն երկուստեք շտկումներ կատարել: Բարի լինենք»:

Չի կարող պետական կառույցում նման տգիտություն լինել. Շիրակի թեմի առաջնորդին բարկացրել է ՊԵԿ–ի գրությունը