Search
Close this search box.

Վերջնագիր Արթուր Վանեցյանին

Սեպտեմբերի 30-ին մամուլի ասուլիս է տվել ռուսաստանցի մեծահարուստ Արթուր Սողոմոնյանը, որը Երեւանի Փյունիկ ակումբի սեփականատերն է: Նա խոսել է ֆուտբոլի մասին, ասելով, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության փոփոխությունից մեկ տարի անց կան դրական փոփոխություններ, սակայն ոչ բավարար: Նա խոսել է նաեւ մտահոգության մասին, մասնավորապես այն մրցավարի վերադարձի, որի կոպիտ սխալի հետեւանքով Փյունիկ ակումբը նախորդ առաջնության վերջին տուրում կորցրեց երկու միավոր եւ դրանից օգտվեց ռուսաստանցի մեկ այլ մեծահարուստ Սամվել Կարապետյանին պատկանող Արարատ-Արմենիան:

Արթուր Սողոմոնյանը համարում է, որ այդ կոպիտ սխալը թույլ տված մրցավարի վերադարձն առաջնություն եւ նշանակումը՝ այս կամ այն խաղը վարելու, ցույց է տալիս, որ ֆեդերացիային ամեն ինչ բավարարում է: «Եթե նմանատիպ խնդիրները չլուծվեն, առաջնությունների սկանդալային հանգուցալուծումները կարող են կրկնվել: Դրական է, երբ քննադատությունը ճիշտ է ընդունվում և եզրակացություններ են լինում: Եթե փոփոխություններ չտեսնենք, միգուցե, դուրս կգանք առաջնությունից: Կոչ եմ անում լսել մեզ և կառուցողական քննարկումներ և փոփոխություններ ունենալ», – հայտարարել է Արթուր Սողոմոնյանը, որը նաեւ առաջարկում է ստեղծել Պրոֆեսիոնալ լիգա, համարելով, որ դա է զարգացման ճանապարհը:

Փաստացի, Փյունիկի սեփականատերը վերջնագիր է ներկայացնում ֆուտբոլի ֆեդերացիային եւ դրա ղեկավար Արթուր Վանեցյանին, հայտարարելով, որ դուրս կգան առաջնությունից, եթե չտեսնեն փոփոխություն:

Բավականին լուրջ եւ միաժամանակ տարօրինակ իրավիճակ է: Օրինակ, դուրս գալով առաջնությունից, ի՞նչ է անելու Փյունիկի սեփականատերը: Լուծարելու՞ է թիմը, թե՞ թիմը տեղափոխելու է Ռուսաստան: Եվ արդյո՞ք այստեղ չէ նաեւ դժգոհության պատճառը՝ ստեղծել հող, հետագայում այդպիսի հնարավոր տեղափոխությունն այսպես ասած հիմնավորելու, արդարացնելու համար:

Մյուս կողմից, անկասկած ակնառու փաստ է մրցավարի այն կոպտագույն սխալը, որի հետեւանքով Փյունիկը զրկվեց չեմպիոնությունից, ըստ այդմ ակումբի սեփականատերը միանգամայն իրավունք ունի ֆեդերացիայից այդ առնչությամբ պահանջել սպառիչ պատասխան:

Դրան զուգահեռ, Սողոմոնյանը խոսում է, որ պատրաստ է կառուցել նոր մարզադաշտ, բայց նշում է, որ պետք է պահվեն պայմանավորվածությունները: Ի՞նչ պայմանավորվածության մասին է նա խոսում, ու՞մ հետ, ի՞նչ բնույթի, որոնցից կախված են նրա հետագա ներդրումները հայկական ֆուտբոլում:

Իսկ դրանք կարեւոր են, կարեւոր ոչ միայն զուտ ֆուտբոլի, այլ նաեւ տնտեսական զարգացման տեսանկյունից:

Հայաստանում Պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարը նոր չէ: Դեռեւս մի քանի տարի առաջ դրա անհրաժեշտության մասին բարձրաձայնում էր Շիրակ ակումբի սեփականատեր Արման Սահակյանը: Այդ ժամանակ ֆեդերացիայի նախագահը Ռուբեն Հայրապետյանն էր: Սահակյանի առաջարկը չստացավ մեծ արձագանք, այդ թվում մյուս ակումբների սեփականատերերի մոտ: Իհարկե, այդ ընթացքում հայկական ֆուտբոլում փոխվել է «կապիտալի» կառուցվածքը, հայտնվել են նոր խոշոր խաղացողներ, մեծ մասամբ Ռուսաստանից, այդ թվում խոշորագույն՝ Սամվել Կարապետյանը, որն ամենահարուստ հայն է ըստ Ֆորբսի: Նրան պատկանող Արարատ-Արմենիան առաջին իսկ տարում դարձավ չեմպիոն ու Եվրոպայի լիգայում հասավ ընդհուպ փլեյ-օֆֆ փուլ:

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո փոխվեց նաեւ ֆեդերացիայի ղեկավարությունը, ու նկատելի է ընդհանուր ֆուտբոլային մթնոլորտի փոփոխությունը: Մարզերում իրականացվում են ենթակառուցվածքային ծավալուն ծրագրեր, սակայն ակնառու է, որ զարգացումը պետք է ապահովել երկու հարթությունում՝ մարզային մանկապատանեկան եւ բակային ենթակառուցվածքների զարգացում, միաժամանակ պրոֆեսիոնալ ակումբային հարթակում զարգացման նոր տեմպ: Դա նշանակում է, որ պետք է արդյունավետ երկխոսություն ծավալվի ֆեդերացիայի եւ ակումբների սեփականատերերի միջեւ: Իսկ քննարկվող հարցերի շրջանակը անշուշտ չափազանց մեծ է, ընդհուպ այն, որ Հայաստանում պետք է ապահովվի նաեւ ֆուտբոլային տնտեսության վերաբերյալ պրոֆեսիոնալ մարզական մեկնաբանության ինստիտուտ: Դա եւս հույժ կարեւոր է ֆուտբոլային կյանքի արդիականացման համար:

Վերջնագրերը հազիվ թե ելք են, սակայն բանը դրանց չհասցնելու համար պետք է հնարավորինս արդյունավետ նկատվեն մինչ այդ եղած ելքերը:
Lragir.am