Search
Close this search box.

«Դուք եք պատասխան տալու յուրաքանչյուր հայ մարդու չապրած կյանքի համար» . ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ինչպես խոստացել էի՝ տող առ տող…
Դավաճանություն, հեշտ է ասված… բայց միթե ոմանք իրավունք ունեն իրենց սեփական հասցեն վերահասցեագրել մեկ ուրիշին՝ ով հեռացել է հպարտությամբ… գուցե ոչ պատեհ, բայց այլևս գիտակցված, որ ամեն ինչ “կառուցված է” ստի և կեղծիքի վրա, որ այլևս պետք չէ ապրել իլուզիաներով…
Իսկ հիմա ըստ էության…

Իմ գործունեությունից ոչինչ, ոչ մի մարդ չի տուժել, երբեք ու երբևիցե… սա անվիճելի փաստ է… բաց ձեռքերով պաշտոնը ստանձնել եմ, մաքուր ձեռքերով հեռացել… Ոչ տենդեռի եմ մասնակցել և ոչ էլ մեկին “կռիշություն” արել, առավել ևս քրեական գործերն ու իմ անձը առքուվաճառքի առարկա չեմ դարձրել։ Երբեք փողային “բազարների” մեջ չեմ հայտնվել… Իսկ երբ խոսում եք սկզբունքայնությունից, առհասարակ հասկանում եք՝ ինչ է դա… ընդամենը մեկ օրինակով փարատեմ “անհավատների” բորբոքված հավատը… Իմ համակարգման ոլորտում գտնվող “Դատախազության դպրոցում” ավարտական քննությունները չեն կարողացել հաղթահարել Վեհափառի եղբոր որդին (երկու անգամ), ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ, ամենազոր Հովիկ Հովսեփյանի հովանավորյալը, բազմաթիվ գործող դատավորների և դատախազների երեխաներն ու ազգականները… Իսկ զինվորական դատախազ գևորգ կոստանյանի օգնականը չի կարողացել նույնիսկ դառնալ պետծառայող… և դուք պետք է “հանդուրժեիք” իմ ներկայությունը…
Դատախազության կոլեգիայում չի եղել գեթ մեկ հարց, որի վերաբերյալ կարծիք ու տեսակետ հայտնած չլինեմ…
Իսկ դուք կարծում եք՝ ես չէի գիտակցում, որ երբեմն անցնում էի “թույլատրելիի” սահմանագիծը…
Իսկ պալատական դատախազ գևորգ կոստանյանը երբեմն իմ հարցադրումներից “հայտնվում էր հոգեխանգարմունքի” մեջ…
Մարզային և համայնքային անխտիր բոլոր օպերատիվ խորհրդակցություններում իրավապահ մարմինների ղեկավարներին խնդրել և պահանջել եմ լինել օբյեկտիվ, անաչառ և զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից… Իմ ամեն մի ասած խոսքը փաստաթղթերով արձանագրված փաստեր են, որոնք դեռ պահվում են դատախազության արխիվներում…
Դավաճանություն, հեշտ է ասված… այո’, “դավաճանել եմ” ձեզ, բայց ոչ երբեք ինքս ինձ, ծնողներիս, ընտանիքիս և արդարություն հայցող իմ հայրենակիցներին…

Ես երբևիցե չեմ անվանարկել արդարություն պահանջող սևազգեստ մայրերին, մարդ չեմ սպանել… իհարկե այս ամենին մասնակից չլինելը՝ ձեր պատկերացմամբ “աններելի դավաճանություն է”…
Իսկ ավելի պարզ, եթե ցանկանաք երբևէ հասկանալ և իրապես պատկերացնել դավաճանության իմաստն ու բովանդակությունը, ապա, հեռուներում այն չփնտրեք. նայեք ինքներդ ձեզ և ձեր ունեցվածքին… կարող եք նաև նայել ձեր “բուծած” պալատական սրիկային, ով պաշտոնի բարձրությունից հղփացած և ոգևորված իր ծնողի տարիքի բարձրակարգ իրավաբանների հետ արայով և դույով էր հաղորդակցվում և իմ նկատմամբ նմանաբնույթ փորձերը ձախողվեցին… արդյունքում ձեզ այլ բան չէր մնում անելու, քան ինձ “օտարել” դատախազի պաշտոնից… Հիմա դավաճանն ով է՞… օրենք հարգողն ու ձեր սրի ու թրի տակով չանցնողը, թե լրջանալու որևէ հակում չունեցողը, ով տարբեր միջավայրերում զբաղվում էր հարբեցողությամբ և կրկեսային միջոցառումներ կազմակերպում… թե ձեզ երբեք չի զեկուցվել, որ բազմիցս ձեր հարբեցող պալատականի “լեշը” անվտանգության աշխատակիցները մի կերպ քարշ են տվել դեպի ծառայողական ավտոմեքենա… Սեփական աչքերով տեսած չլինեի, չէի հավատա այդ մղձավանջին… Էդ ինչի և ում դեմ էիք պայքարում. իրենց կյանքն ու կենսագրությունը Հայրենիքին նվիրած մարդկանց դե՞մ, թե ձեր պալատական փաստաբանի անլուրջ վարքագծի ականատեսներին էիք “վարի տալիս”՝ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ…
Հ.Գ. Էն պեղումներ և “հայտնագործություններ” անող թերթիկն ու նրա հովանավորը թող բարեխղճություն դրսևորեն “բացահայտեն ամենաանկաշառ, հմուտ և փորձառու նախկին դատախազ կոչեցյալի” արկածները Կիպրոսում, Հունաստանում և ինչու չէ նաև Ջերմուկի “Հայաթ Փլեյս Ջերմուկ” հանգստյան տանը… Ասում են, որ նա ցրտից սեփական դեմքը պատսպարելու համար զբոսնել է “սև մասկայով”՝ ահ ու սարսափի մեջ պահելով հանգստացող փոքրահասակ երեխաներին և որ պակաս կարևոր չէ պարբերաբար “իջևանելով” այնտեղ չի վճարել կեցության ծախսերը… Ու սա ձեր պատկերացումներով դավաճանություն չէ՞…

Հ.Գ. Երբեք չէի անդրադառնա այս չընկալվող երիտասարդի արկածներին, բայց այդ թերթիկը պարբերաբար ներկայացնում է այս կատեգորիայի երևույթներին՝ որպես “անդավաճան և խիզախ մարտիկների”…
Հ.Գ. Այդ թերթիկի “տանիքին” և “զակազչիկին” ասեմ նաև, որ փառքի փնտրտուքով չեմ տառապել երբևիցե, հեռացել եմ հպարտությամբ և անվերադարձ… իսկ դուք և ձեր նմանները դեռ շարունակում եք “վայելել” ժողովրդի զայրույթն ու նողկանքը… Այո’, դուք էիք մեր կյանքը վերածել մղձավանջ հիշեցնող կինոյի’ չգիտակցելով, որ մարդկանց կյանքը բնավ էլ կինո չէ, այնտեղ չկա ԴՈՒԲԼ. այո’, չկա որևէ տեսարանի կրկնակի նկարահանում, ապրեցինք այդ կյանքը, թե չապրեցինք, այլևս չի կրկնվելու… Դուք եք պատասխան տալու յուրաքանչյուր հայ մարդու չապրած կյանքի համար… հիմա պարզ է չէ՝ ով է դավաճանը…