Search
Close this search box.

«168 ժամ». ԱՄՆ-ն ՀՀ-ի առջեւ պահանջ է դրել հանել զորախումբը Սիրիայից

«168 ժամ»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջեւ պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից: Մամուլում օրեր առաջ հրապարակում եղավ այն մասին, որ վերջերս փակ քննարկում է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության եւ ԱԳ նախարարների եւ որոշ դեսպանների մասնակցությամբ:

Իհարկե, ԱԳՆ-ից հերքել էին նախարարների հանդիպման մասին տեղեկատվությունը, սակայն ըստ ԶԼՄ-ի՝ թեման եղել է Սիրիա ուղարկված զորախումբը, որը բացասական է ընկալվել ԱՄՆ իշխանությունների կողմից:

Ուշագրավ է, որ ԱՄՆ-ի կողմից այդ «մեսիջը» ՀՀ իշխանություններին է փոխանցվել 2019 թ. օգոստոսի 12-13-ը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի՝ Հայաստան կատարած այցից անմիջապես հետո: Ասում են՝ Ն. Պատրուշեւն առաջարկել է ավելացնել զորախմբի անձնակազմի քանակությունը:

Ըստ «168 ժամ»-ի աղբյուրների՝ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի միջոցով է ԱՄՆ այդ դժգոհությունը փոխանցվել ՀՀ իշխանություններին՝ ընդգծելով, որ Սիրիայում հայկական զորախմբի ներկայությունը բացասաբար է անդրադառնում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: ԱՄՆ համապատասխան կառույցների կողմից, ըստ նույն աղբյուրների, նաեւ նշվել է, որ զորախումբը չհանելու դեպքում ոչ միայն հետեւանքներ կլինեն հարաբերություններում, այլեւ հայկական կողմը պետք է այնտեղ չօգտագործի ականազերծման համար նախատեսված այն սարքավորումները, որոնք տրամադրվել են իրենց իսկ կողմից:

Դիվանագետ բանագնացի կողմից այս հաղորդումը քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի միջեւ: Վերջինիս մտահոգել է՝ ինչ պատասխանել ԱՄՆ-ին: Զ. Մնացականյանը կրկին հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին ունեցած վերոնշյալ ելույթը՝ նորանկախ պատմության մեջ հայ-ռուսական համատեղ հումանիտար աննախադեպ նախագծի մասին:

Երկու նախարարները դիվանագետի հետ քննարկման ընթացքում փորձ են արել հասկանալ՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից: Երկու դեպքում էլ Հայաստանը խնդիր կարող է ունենալ, մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգների հետ: Նույն աղբյուրների պնդմամբ՝ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը կտրականապես դեմ է արտահայտվել զորախումբը հանելու պահանջին:

Թե ինչ կորոշի եւ ինչպես կպատասխանի ռուսական եւ ամերիկյան կողմերի պահանջին Նիկոլ Փաշինյանը՝ դեռ հայտնի չէ»: