Search
Close this search box.

Կեղծ հայտարարություններ Վիտալի Բալասանյանի կողմից. FIP

«Փաստերի ստուգման հարթակը» հրապարակում է տարածել. «Արցախի հերոս, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն օգոստոսի 31-ին «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով հայաստանյան երկու հասարակական կազմակերպությունների կողմից Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելուն, նշել է, որ դա «անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը»։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 33,6 մլն դրամ է հատկացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին՝ Արցախում սեպտեմբերի 8-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար։

Վիտալի Բալասանյանը ՀՀ կառավարության կողմից դիտորդական առաքելությանը դրամաշնորհ տրամադրելը որակում է որպես «միջամտություն Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը»։

Հայաստանյան կազմակերպությունների կողմից դիտորդական առաքելություն իրականացնելը, սակայն, չի կարող դիտվել որպես Արցախի Սահմանադրության միջամտություն, քանի որ ԼՂՀ «Ընտրական օրենսգրքով» հստակ սահմանվում է դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքը։

Այսպես, օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ասվում է, որ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին:

Ե՛վ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», և՛ «Թրանսփարենսի ինթերնեյշնլը» համապատասխանում են այս չափորոշիչներին, չեն աջակցում որևէ թեկնածուի, և երկու կազմակերպությունների առաքելությունների մեջ հստակ նշվում է ժողովրդավարական արժեքների ամրապնդման հանձնառությունը։ Բացի այդ, երկու կազմակերպությունն էլ և՛ Հայաստանում, և՛ այլ երկրներում ունեն դիտորդական առաքելություն իրականացնելու փորձ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: