Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրիում 1-ամյա երեխային սպանած մայրը ցանկացել է փոքրիկին մանկատուն հանձնել. նոր մանրամասներ

Գյումրիի աղբանոցում մահացած հայտնաբերված 1-ամյա աղջիկ երեխայի մայրը մոտ 2 շաբաթ առաջ ցանկացել է երեխային մանկատուն հանձնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:

«Նա՝ որպես քաղաքացի, բարձրացել է մեր բաժին, ասել է, որ սոցիալական պայմանները վատ են, չի կարողանում երեխային պահել, դրա համար ուզում է հանձնել մանկատուն: Մենք իրեն առաջարկել ենք սոցիալական ամեն ինչ, սնունդ, հագուստ, բնակարանի վարձ, մասնագիտություն, աշխատանքի տեղավորել, երեխային մանկապարտեզի մսուրային բաժնում տեղավորել, եւ ասել ենք, եթե այդ ամենը լինի, դու երեխային կպահես, ասել է՝ հա, ես այդ ամենը, որ ունենամ, էլ խնդիր չունեմ: Հաջորդ օրը զանգեց, թե ուզում եմ գալ՝ նորից զրուցելու, կանչեցի, բայց նաեւ ոստիկանություն եմ ահազանգել, որովհետեւ մտածեցի, որ այդքան բան առաջարկելուց հետո, եթե ինքը մտադիր է էլի հրաժարվել, պետք է նաեւ ոստիկանությունը տեղյակ լինի»,- պատմեց տիկին Գորգինյանը:

Նրա խոսքով՝ հաջորդ օրը 20-ամյա աղջիկը ասել է, որ ամուսնու հետ խնդիր ունի, զրույցի վերջում հուզվել է, ասել, որ առանց երեխայի՝ իր կյանքը չի պատկերացնում. «ասաց՝ եթե դուք խոսեք հոր հետ, ես կսպասեմ: Անմիջապես կապվել ենք հոր հետ, ընտանիքի հետ, տատիկի, պապիկի հետ, նրանք ասացին՝ հանկարծ թույլ չտաք, մենք սոցիալական ոչ մի խնդիր չունենք, բոլոր պայմանները ունենք: Նաեւ ամուսնու հետ ենք խոսել, խոստացավ երկուշաբթի օրը գալ:

Այդ աղջիկը շաբաթ օրը զանգեց, թե ամեն ինչ նորմալ է, երեխայի հետ դուրս եմ եկել, ման եմ գալիս, հետո մի անգամ էլ կիրակի օրը զանգեց, թե գիտեք` ամուսինս արդեն եկել է, մենք իրար հետ հաշտվել ենք, ինքը խոստացել է երեխայի հետ կապված բոլոր խնդիրները լուծել, մենք էլ չգանք էդ պետական դռները, ամեն ինչ նորմալ է, շատ շնորհակալություն»:

Լիլիթ Գորգինյանը պատմեց, որ 20-ամյա կինը արտաքինից անապահով չի երեւացել, կոկիկ հագնված է եղել, երեխան խնամված է եղել:

«Կինը շատ ադեկվատ էր՝ ցածր ձայնով, երեխան շատ խնամված, երեխան իրեն կպած էր, կապված էր մոր հետ»,- ասաց Գորգինյանը` նշելով, որ աղջիկը հաշվառված չի եղել նաեւ հոգեբուժական հաստատությունում:

Լիլիթ Գորգինյանը բացառեց երեխայի հետ նման կերպ վարվելու սոցիալական դրդապատճառը, քանի որ կնոջ ե՛ւ հայրական, ե՛ւ ամուսնու ընտանիքը սոցիալապես ապահովված է եղել:

Մանրամասները` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: