Search
Close this search box.

Ինչո՞ւ է կապել երեխայի բերանը, նետել աղբանոց ու վրան աղբ լցրել․ մանրամասներ մոր ցուցմունքից

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին որոշակի մանրամասներ է հաղորդել Գյումրու Բուլվարային թաղամասի քաղաքային աղբանոցում հայտնաբերված մեկ տարեկան աղջիկ երեխայի սպանության մասին։

Դատախազի խոսքով՝ իր հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով, այն է՝ սպանություն կատարելը և նույն հոդվածով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով հանձարարել է ձերբակալել երեխայի մորը։

«Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ մայրն է կապել երեխայի ոտքերն ու ձեռքերը կպչուն ժապավենով, բերանի հատվածում մտցրել է շոր, նետել է աղբանոց՝ վրան լցնելով աղբ։ Եվ պատճառաբանել է, որ նշված արարքը կատարել է՝ գտնվելով սոցիալապես վատ վիճակում, երեխային չկարողանալով կերակրել»,- ասաց դատախազը։ Դեպքը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան՝ ժամը 23․00-ի սահմաններում։

Մայրը նշել է նաև, որ մեկ ամիս առաջ է բաժանվել ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդուց, աշխատանք չունի, Գյումրու Ճերմակ հիվանդանոցի մոտակայքում բնակվում է վարձով։ Նա առողջական խնդիրներ կարծես չունի, համենայնդեպս հաշվառված չէ հոգեկան առողջության կենտրոնում։