Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոտերս ցավում են, պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա» պատիվ տամ. Սամվել Ալեքսանյան

Գործարար Սամվել Ալեքսանյանն այս պահին «Մալաթիա մոլի» մոտ է, նա հետեւում է հրդեհաշիջման աշխատանքներին:

Երեկ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը դժգոհել էր ԱԻՆ-ի աշխատանքից՝ նշելով, որ եթե սկզբից շատ հրշեջ մեքենա գար, «ըսենց չէր լինի»։

Սակայն այսօր լրագրողների հետ զրույցում գործարարն ասաց, որ շատ գոհ է հրշեջների աշխատանքից։

«Ես երեկ չեմ դժգոհել, թե դուք ոնց եք հասկացել, որ դժգոհել եմ։ Շատ նորմալ մեր փրկրարար ժողովուրդը աշխատում են, շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ»,- ասաց նա:

Գործարարը նաեւ հերքեց, որ ինքն աշխատողներին հորդորել է պահեստի իրերը հանել կրակի ճիրաններից:

«Լավ հիմա թողեմ գնամ, թողեք նստեմ էլի, ոտերս ցավում են, սաղ գիշեր ստեղ եմ եղել։ Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա» պատիվ տամ»,- ասաց նա:

Նա հավելեց, որ «Վեգան» իրեն չի պատկանում. «Վեգան իմը չէ, Յուրային հարցրեք Վեգան ումն է, շենքն է իմը, դրա համար եմ էստեղ»:

Նշենք, որ լուսադեմին հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը: Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից երկու «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Հիշեցնենք՝ երեկ՝ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ, որոնց թիվը վերջին տվյալներով 10 է:

ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ուշ երեկոյան նշել էր, որ հրդեհաշիջմանը մասնակցում է 22 մեքենա. «Աշխատանքներում ներգրավված են 420 հրշեջ, որոնց աշխատանքը ես դիտարկում եմ հերոսական: Երբ նայեք կրակից դուրս եկող հրշեջների դեմքին, կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը»: