Search
Close this search box.

Գրագետ Պետրոսներ, որ ծառայում են փողին և ոսկուն

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայ հանրությանը բաժանեց երկու մասի՝ անգրագետ պողոսների, ովքեր իրենց անգրագիտության պատճառով դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը, և գրագետ պետրոսների, ովքեր այնքան գրագետ ու կիրթ են, որ անվերապահ կողմ են Ամուլսարից ոսկի կորզելուն, պարզ ասած փող աշխատելուն:

Խելոքներին թվում է, թե հակառակ կողմը խելքի պակասից է, որ դեմ է արտահայտվում հանքը շահագործելուն, ոսկին հանելուն և փող աշխատելուն: Սրանց տրամաբանությունը շատ պարզ է` որ մի խելոք մարդը դեմ կլինի ընդերքում գտնվող ոսկու արդյունահանմանը և դրա միջոցով փող աշխատելուն:
Եթե մարդը դեմ է փող շինելուն, ուրեմն անգրագետ ու անխելք Պողոս է:

Ինչով են խելոք Պետրոսները` վտանգավոր, անխելք Պողոսներից: Խելոքների համար գոյություն ունի մի արժեք, դա փողն է, մնացած ամեն ինչը ածանցյալ է փողին. հայրենիքը, բնությունը, համընդհանուր համակեցության նորմեր, ապագայի հանդեպ պատասխանատվության զգացողություն: Սրանց գրագիտությունը ուղղված է միայն մի նպատակի, ամեն գնով փող աշխատելուն:

Անգրագետ Պողոսները, ընդհակառակը, առաջնորդվում են համամարդկային արժեքներով, ինչպիսին օրինակ բնապահպանությունն է, մարդկանց համար կենսագործունեության նորմալ միջավայրի ապահովումը, սերունդներին անվտանգ կենսատարածք թողնելու մտահոգությունը:

Ով և ինչպիսի հնարավորություն ունի հաղթելու այս պայքարում: Մադկության զարգացման ամբողջ պատմությունը հենց անգրագետ Պողոսների ու խելոք Պետրոսների պայքարի պատմություն է: Չնայած փողն ու հարստությունը միշտ կարևոր դերակատարություն են ունեցել մարկության զարգացման գործում, ու թվում է թե փողը միշտ ու ամենուրեք հաղթել է, բայց դա միայն մակերեսային ընկալման արդյունք է:
Մարդկությունը գոյություն ունի առավելապես անգրագետ Պողոսների նվիրումի ու պայքարի հաշվին: Չլինեին Պողոսները, գրագետների այդ ոհմակը վաղուց և անվերադարձ ոչնչացրած կլիներ մոլորակը, այն դարձնելով ոչ պիտանի բնակության և մարդկային կենսագործունեության համար:

Բարեբախտաբար գրագետ Պետրոսները մնացել են նախորդ 20 և նույնիսկ 19-րդ դարի վերջում, ուղղակի նրանց գրագիտությունը չի հերիքում դա հասկանալ: ժամանակակից աշխարհը ապրում է ու զարգանում է ոչ թե ընդերք շահագործելու և բնապահպանական աղետներ ստեղծելու, այլ կանաչ տնտեսություն զարգացնելու հաշվին:

Գրագետ Պողոսները չգիտեն ինչ բան է կանաչ տնտեսությունը, չգիտեն, որ կարելի է ապրել նաև բնության և շրջակա միջավարի հետ համերաշխ: Նրանց գրագիտությունը փողից ու ոսկուց այն կողմ գոյություն չունի:

Իսկ անգրագետ Պողոսներն էլ սրանց համար սեմինարներ չեն կազմակերպում, սրանց համամարդկային արժեքներով ապրելու դասեր չեն տալիս, որովհետև այդ ամենը անիմաստ է. վաղուց պարզված ճշմարտություն է, որ ոսկու տենդը մթագնում է մարդու բանականությունը` զրկելով նրան ոչ միայն մտածելու, այլ նույնիսկ լսելու և տեսնելու ունակությունից:

Ցավոք, այդ հիվանդությունը բուժում չունի: