Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել. «2019-ի հուլիսին 2018-ի հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են 17.1%-ով, 2019 -ի հուլիսին՝ 2019-ի հունիսի համեմատ 10.3 %-ով:

Ամենաուրախալին այն է, որ 2019-ի հուլիսին 2018-ի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքներն աճել են 11.7%-ով, 2019-ի հուլիսին՝ հունիսի համեմատությամբ՝ 3.1%-ով:

Շատ ավելի ուրախալի է, որ գործարքների աճը գրանցվել է մարզերի և ոչ թե մայրաքաղաք Երևանի հաշվին:
Ի դեպ, նախկինում, երբ անշարժ գույքի գործարքների աճի մասին գրառումներ եմ արել, շատ ակտիվ են եղել այն օգտատերերը, որոնք նշում են, թե մարդիկ տները վաճառում են և հեռանում:

Հարգելիներս, Ձեր ասած իրավիճակում անշարժ գույքի գները և գործարքները ոչ թե աճում են, այլ նվազում, որովհետև վաճառողները շատ են լինում, իսկ գնողները քիչ, և մարդիկ նույնիսկ մեծ ցանկություն ունենալով՝ տարիներով չեն կարողանում վաճառել իրենց բնակարանը: Մոտավորապես, նման իրավիճակ գոյություն ուներ 2018-ի հեղափոխությունը:

Հիմա՝ հակառակ պրոցեսն է. գնողները շատ են, վաճառողները քիչ: Ընդ որում, ի՞նչ պատճառներով մարդը կարող է իր տունը վաճառել՝ բացի ամենահոռետեսական տարբերակներից:

Օրինակ՝ կարող է վաճառել ավելի լավ տուն գնելու համար: Կարող է իր լավ տունն ավելի վատ տնով փոխարինել՝ գոյացած շահույթով ներդրում անելու համար և այսպես շարունակ:

Էլ չեմ ասում՝ զրոյից բնակարան ձեռքբերելու տարբերակը և, ըստ էության, գործարքների մի հիմնական մասը հենց այսպիսին է: Եվ այն, որ մեր երկրում հիպոտեկային վարկերն աննախադեպ աճ են ունեցել, սրա ամենացցուն վկայությունն է:

2019-ի հունիսին 2018-ի հունիսի նկատմամբ հիպոտեկային վարկերի ծավալն աճել է 174%-ով, իսկ 2019-ի առաջին կիսամյակում 2018-ի առաջին կիսամյակի նկատմամբ՝ 120%-ով»: