Search
Close this search box.

Հայկ Մարտիրոսյան. Պետք է Արցախը հայտարարել ՀՀ տարածք

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած Արցախյան հարցի շուրջ քննարկման ժամանակ

Ցավոք սրտի, ունենք մի իրավիճակ, երբ հեղափոխությունը ոչ միայն Հայաստանի ներսում համակարգային  որևէ լուրջ փոփոխություն չբերեց, այլ չբերեց  Արցախի հարցում դիրքորոշումներ: Բոլորս էլ ակնկալում էինք  որ այստեղ էլ կլինի հեղափոխություն, բայց էստեղ էլ տրամաբանորեն շարունակվեց այն, ինչ կար: Ստեղծվեց հեղափոխական հիմք, որը   վերածվեց իշխանափոխության: Արցախի հարցում ամբողջական մանդատ տրվեց իշխանությանը՝ փոխելու իրոք ամբողջ ճահճացած քսանյոթ տարվա խայտառակ պռոցեսի մեջ, որը նախաձեռնել էր Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն կատարելագործեց, Ս. Սարգսյանն էլ հասցրել  էր բացառիկ կատարելության չակերտների մեջ, և Փաշինյանը հիմա փորձում է թյունինգ անել այդ պրոցեսը՝ Արցախին բանակցությունների կողմ դարձնելու մոտեցումով: Երբ խոսում ես իշխանությունների տարբեր ներկայացուցիչների հետ, որոնք մոտ են կառավարության շենքին, փոխաբերական առումով խոստովանում են, որ  դա բլեֆ է: Ես բազմիցս ասել եմ, որ դա բլեֆ է: Բլեֆն ինչի՞ն է ծառայում. խնդիր հետաձգելուն: Հիմա շատ հնարամիտ հնարք են կիրառում իշխանությունները, ասելով, որ սեղանին որևէ փաստաթուղթ չկա՝ նկատի ունենալով մադրիդյան փաստաթուղթը այն ձևով, որ հրապարակվել է, հիմա տպված, թղթի վրա սեղանին դրված չի, և դրա շուրջ  չեն բանակցում: Կան սկզբունքներ, օրինակ, մադրիդյան փաստաթղթում արտացոլված սկզբունքներ, որոնք շարունակում են լինել բանակցությունների առարկա: Ընդ որում, բանակցություններ կան, որքան էլ  որ դրանք ձևականորեն բանակցություններ չեն կոչվում:

Հիմա ավելի պրակտիկ խոսենք. երբ մարդիկ նստում մեկուկես ժամ խոսում են փակ դռների հետևում և դա անվանում են երկխոսություն, զրույց, շփում, բանակցություններից հետո ավելի ուժեղ հետևանքներ հաճախ կարող է ունենալ, որովհետև դու բացում ես քո քարտերը երբեմն, երբեմն դիմացինն է բացում, ձեռք է բերվում պայմանավորվածություններ, որոնք կարող են և ձեռք չբերվել պաշտոնական բանակցությունների ժամանակ: Ընդ որում, պիտի հասկանանք, որ պրակտիկ քաղաքականության մեջ այդ ձևերը դասագրքերում են սովորեցնում՝ բանակցությունները տարբեր են, շփումները տարբեր են… էսպես քաղաքագիտական դասերի քարացած  խորհրդային մտածողության պրոֆեսորներն են ասում:  Իրականությունում ամեն ինչ խառնված է իրար, դրանք նույնպես բանակցություններ են, և հաճախ ավելի մեծ  ազդեցություն կարող են ունենալ: Հիմա Փաշինյանը  Արցախը  կողմ դարձնելը  բնականաբար հասկանում է, որ  պիտի  մերժվի:   Դրանով փորձում է պատասխանատվությունը դնել Ադրբեջանի վրա: Բայց Ադրբեջանը հիմարներ չեն կառավարում, և միջազգային հանրությունն էլ հիմար չէ,  ու բոլորն էլ հասկանում են, որ դա բլեֆի քայլ է: Եվ այստեղ մենք փոխանակ մեր վրայից ճնշումը հանենք, ավելի ենք ճնշումը մեծացնում: Իշխանության ներկայացուցիչները խոստովանում են, թե ինչու է այդ գիծը ընտրվել և շարունակվում: Շատ պարզ պատճառով. որովհետև իրենք սարսափում են դրսի արձագանքներից, իսկ լուրջ ազդեցություն ունեցող մեկը, իշխանություններին շատ  մոտ կանգնած, ասաց՝ գիտես, 27 տարի մի գծի մեջ են եղել, բա միջազգային հանրությունը ի՞նչ կանի Հայաստանի  հետ, պատկերացնում ես՝ վեր կենանք ասենք հրաժարվում ենք մեր սկզբունքներից: Ասացի՝ այո պատկերացնում եմ, ասաց՝  բա ի՞նչ կանի, ասացի՝   ոչ մի բան: Ասաց՝ չէ, բան…. Դե գիտեք, ինձ համարում են ծայրահեղական, բայց իրենք են ծայրահեղ անգիտության մեջ ուղղակի լող տալիս,  չեն տեսնում աշխարհում ինչ է կատարվում: Եթե նայեք, այսօր ԱՄՆ-ի կառավարությունը անում է ամենակտրուկ գործողությունները, որոնք ընդհանրապես չեն արվել 20-րդ դարի ընթացքում, հետպատերազմյան շրջանում: Բոլոր երկրներում գնում է քաղաքականության սրացում, խտացում,  գույների խտացում, իսկ Հայաստանը դեռ գնացել են հետ համաշխարհային պատերազմի շրջանի մտածողության մեջ, և այստեղ մեծ ավանդ ունի Լ. Տեր-Պետրոսյանը, որ բոլորի մեջ սարսափ է մտցրել, որ միջազգային հանրությունից կարող են վախենալ: Հեղափոխական մոտեցումը կլիներ այն, որ նոր իշխանությունները գան ասեն՝ խնդիրը լուծված է, մենք չունենք Արցախի խնդիր,ինչպես դա արեց Իսրայելի ղեկավարությունը շուրջ 40 տարի Գոլանի մասին հայտարարելով, վերջին անգամ կարծեմ  քսան տարի առաջ են եղել քննարկումնե, թեմաներ՝ Ռաբինի օրոք, որը սպանվեց հրեա ազգայնականի կողմից Գոլանը հետ հանձնելու համար Սիրիային: Եվ այդ խնդիրը մեջտեղից  դուրս եկավ, գոնե վերջին քսան տարում ընդհանրապես խոսք չի եղել:

Ընդ որում, ՄԱԿ-ի կողմից Սիրիայի տարածքը սուվերեն ճանաչված տարածք է, որի վրա Իսրայելը  որևէ իրավասություն չուներ: Դրա մասին իսրայելցիները չեն խոսել, սա իրենց համար կենսական նշանակության տարածք էր ոչ միայն հողային, այլ նաև ջրային. Իսրայելի ամբողջ  ջրային ռեսուրսների 90  տոկոսը, եթե չեմ սխալվում, գալիս է Գոլանից , և որևէ պարագայում այս հողերը չենք հանձնելու, ինչ ուզում եք ասեք: Ասեք բռնագրավել ենք, բռնակցել ենք, ինչ ենք արել, անկախություն չհռչակեցին Գոլանում, որովհետև հիմար չեն մեզ պես: Մենք քսան տարի առաջ, քսանյոթ տարի առաջ մեծագույն սխալ արեցինք, դավաճանության էլեմենտներ ունի, հիմա մենք դրա գերին ենք և չենք կարողանում ազատվել, որովհետև որևէ մեկից դասեր չենք քաղում, կաշկանդված ենք այսպես կոչված միջազգային հանրությամբ, որպես մեկ միասնական միավոր գոյություն չունի: Չկա մի կառույց, որ մուրճը ձեռքին, ճակատին գրված՝ միջազգային հանրություն, գալու է խփի քո ծոծրակին, եթե դու բան անես: Այսինքն՝ խնդիրը որն է. այն տարածքն է, որն ունի կենսական նշանակություն, հղում է արվում Ազգերի լիգայի որոշմանը, կառավարությանը կարող են տրամադրվել բոլոր իրավական հիմքերը, բայց դա որևէ մեկին շարունակում է չհետաքրքրել: Պետք է ուղղակի հայտարարել, որ սա ՀՀ տարածք է, որովհետև նայեք, պրն Պապյանի թեզն է, իր թույլտվությամբ կրկնեմ, եթե մենք գնում ենք ազգերի ինքնորոշման տխմար դրույթով, որն հիմա ավելի շատ թույլ դրույթ է համարվում աշխարհում, որովհետև տարածքային ամբողջականությունն է համարվում, ապա մենք ինքնորոշում և անկախություն ենք ստանում Արցախի ԼՂԻՄ-ի տարածքում, յոթ տարածքների վրա չես կարող ազգերի ինքնորոշումը կատարել: Բա այդ դեպքում ի՞նչ է լինում յոթ շրջանների հետ: Հիմա բանակցում են տարածքներ կարգավիճակի դիմաց: Էդտեղ էլ են խաբկանք անում, տարածքներ կարգավիճակի դիմաց չի քննարկվում: Սուպերնպատակ ենք դարձրել Արցախի անկախությունը, որը մի գրոշ չարժի: Խնդիրը կայանում է նրանում, որ իշխանությունը պետք է վեր կենար, տղամարդու պես ասեր՝ ես ունեմ անսահմանափակ  մանդատ, այս մանդատով հայ ժողովուրդը որոշել է Արցախը ազատագրել, և միացվել է Հայաստանին: Նախորդ իշխանությունները դավաճանական քաղաքականություն են վարել, սակարկման առարկա են դարձրել միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածքը, որովհետև դա միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածք է, որը գտնվում է օկուպացիայի տակ: Ասում եմ կա Ազգերի լիգա, որը ՄԱԿ-ի նախորդն է, կա Վուդրո Վիլսոնի իրավական դատավճիռ, որը նույնպես միջազգային բարձր արժեք ունեցող թուղթ է, և մենք հրաժարվում ենք սրա շուրջ բանակցելուց: Եկեք խոսենք Նախիջևանի մասին, որը նույնպես ՀՀ տարածք է, պարզ է, որ դա տանելու է փակուղի: Պատգամավորներից մեկը, քայլիստներից, ինձ ասաց՝ պատկերացնում ես ինչ կլինի, կլինի պատերազմ: Ուրեմն մենք մեծ մոլորության մեջ ենք, եթե կարծում ենք, որ պետք է լինի պատերազմ, Ադրբեջանը կարծում է, որ մենք հողեր ենք տալու, Հայաստանում կգտնվի մի մարդ, մի ղեկավար, որ հող կտա, և դրան են սպասում ու չեն պատերազմում: Այսինքն էս հիմարագույն տոտալիտար մտածելակերպը քաղաքական մտքի հիմք են դարձրել այսօր ՀՀ-ում: Ոչ, Ադրբեջանը, Փաշինյանն էլ ասաց ասուլիսում, քսանհինգ տարի է՝ պատրաստվում է պատերազմի, իրենք կսկսեն պատերազմը այն պահին, երբ կզգան, որ կարող են հաղթել, և մտածեն, որ կարող են հաղթել: Մեր որևէ որոշում դրանից կախված չի: Խնդիրը սա էր, պետք է հեղափոխություն արվեր: Կարծում եմ՝ սրանից պետք է դաս քաղեն հաջորդ իշխանությունները, որոնք, հուսանք, կլինեն ավելի խելամիտ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական ոլորտում, և այս հարցը կլուծեն հայաստանցու օգտին, ոչ թե վախվորած,սարսափած աչքերով կնայեն աջ ու ձախ, թե ով ինչ կասի:

Աշխարհում իրենց հարգող պետությունները ամեն ինչ անում են, սրանք անգամ վախենում են մտածել ինչ-որ բաներ անել:Ես ուղղակի չգիտեմ, անհուսություն է պատում, որովհետև մենք հեղափոխություն ենք արել, բայց  չենք արել: Տվեցինք իշխանություն, սարքեցին փոքր իշխանափոխություն:

Մեր խնդիրը, այդ թվում և ԼՂ-ի, մեր՝ Հայաստանի սուվերենության վերականգնումն է բոլոր պորտալներում: Ես համոզված եմ, որ ամբողջ Հայաստանում այդ սուվերենությունը հասկացող հազիվ 15.000 մարդ լինի: Բայց պիտի այդ տասնհինգ հազար մարդկանց հավաքել, կոնսոլիդացնել, իրենց ձայնը լսելի դարձնել, ինչը կբերի նրան, որ այդ 15.000-ը կավելանա:

Եթե Հայաստանի նորընտիր վարչապետը վեր է կենում և ասում է՝ ես չեմ կարող ներկայացնել Արցախի ժողովրդին, ինձ չեն ընտրել, իրենց հետ էլ պետք է խոսեք, սա դառնում է պետական մոտեցում, սա արդեն Հայաստանի կողմից, բուն ՀՀ-ի, ոչ միայն Արցախի հատվածից, հստակ բաժանում է գնում: Դրա մասին խոսում ես քաղաքական գործիչների հետ, ասում են՝ բայց ոնց պիտի անենք, ոնց միանանք, ինչ ծայրահեղական բաներ եք ասում, մամուլի ներկայացուցիչներն էլ են այդպես ասում, թե՝ ծռիստական բաներ եք ասում: Չհասկացանք, սարքել են բոբոներ,  հետո ասում են ծայրահեղական, ռադիկալներ, իրենք էլ ցիվիլներն են: Ես կյանքիս մի մասն ապրել եմ Արևմուտքում, էդ ցիվիլությանը բոլորից լավ եմ տիրապետում ու լավ գիտեմ, թե դա ինչ է: Եվ նոր սերունդը, որը աճում է ինտերնետի դարում, սկսում է մտածել՝ օ՜, ազգային լինելը վատ է, որ ազգային լինելը ազգայնական լինելն է: Դրանք շատ տարբեր բաներ են, և ես ինձ համարում եմ ազգային:

Պրոպագանդան շատ կարևոր է: Անկախության օրից սկսած այդ մենտալիտետը շարունակվում է, շատ բան չի փոխվել մեր մետալիտետի մեջ, ընդհակառակը տեսնում ենք առկայծումներ,վերահաստատումներ լևոնիզմի գաղափարների, թեև շատերն ասում են, որ կապ չունեն: Հա, կապ չունեն, ես համաձայն եմ, բայց գաղափարներով ներծծված են: Պիտի գաղափարների դեմ պայքարենք, որ ժողովուրդը հասկանա՝ ինչ է իրեն պետք, ինչը իրեն պետք չի: Ինչպես իմ գործընկերն ասաց, կամ ազդեցություն գործվի իշխանության վրա շատ լավ, կամ հակառակ պարագայում ժողովուրդը հասկանա և հեռացնի այդ իշխանությանը  ընտրությունների միջոցով: Եթե մենք չգիտենք թե ինչ ենք ուզում և ուր ենք գնում… Տեսեք, Փաշինյանը հարց է բարձրացնում՝ լավ, մենք ինչ ենք ուզում, ձևակերպված չի: Շատ լավ ձևակերպված է, և այդ  ձևակերպվածի մասին մենք երկուսուկես ժամ խոսեցինք: Հայ ժողովուրդը սա է ուզում. ինքը չգիտի, որ սա է ուզում, որովհետև  պրոպագանդայով ուղեղի լվացում են իրականացրել, և դա շարունակվում է պետական ամենաբարձր մակարդակով: Պետք է իշխանությանը այս ձայնը լսելի դառնա, իշխանությունը թող ինքը անի, դա լավագույն տարբերակը կլինի, եթե չէ, թող հեռանա, կգան ազգային ուժեր, որոնք դա կանեն: