Search
Close this search box.

Գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ սպանության փորձի գործով մեղադրանք առաջադրվեց քննությանը խոչընդոտելու համար

Կոտայքի մարզային քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել նախօրեին գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ կատարված սպանության փորձից հետո նրա մեքենան դեպքի վայրից տանելու համար։ Նախաքննական մարմինը տվյալ գործողությունները որակել է որպես քննությանը խոչընդում, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում։

Տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Նախնական տվյալներով՝ 2019 թվականի օգոստոսի 2-ին, 1976 թվականին ծնված տղամարդը, Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում դեպքի վայր հանդիսացող տարածքից հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու նպատակով, զննության ընթացքում չենթարկվելով դեպքի վայրի պահպանություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ մեքենան չնստելու և այն չտեղաշարժելու վերաբերյալ օրինական պահանջներին, նստել է վերոնշյալ մեքենան և այն վարելով ոստիկանի ուղղությամբ դուրս բերել դեպքի վայրից և դիմել փախուստի, այդ կերպ իրականացնելով նրա կյանքի և առողջության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն կիրառելու սպառնալիք:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 332 –րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ձեռնարկված մի շարք անհետաձգելի գործողությունների արդյունքում «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան և 1976 թվականին ծնված տղամարդը հայտնաբերվել են:

Վերջինս ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է»: