Search
Close this search box.

Հուրգադայում մնացած ևս 109 քաղաքացի Հայաստան կվերադառնա այսօր

Հուրգադայում մնացած 109 ՀՀ քաղաքացիներն այսօր ժամը 14։25-ին «Տարոն Ավիա» ավիաընկերության օդանավով կվերադառնան Երևան, կառավարության նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա ավելացրեց, որ Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիներին Երևան տեղափոխելու համար իրակնացվել էր երկու թռիչք, որից հետո պարզվել էր, որ դեռևս 109 քաղաքացի Հուրգադայում են։

Այսօր Հայաստան կվերադառնան նաև նրանք։ Փոխվարչապետը վստահեցրեց, որ կքննարկեն խնդրի պատճառները և պատասխանատուներին կենթարկեն պատասխանատվության։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով ստեղծված իրավիճակի պատճառը բավականաչափ ազատական իրավակարգավորումներն են. «Տուրիստական օպերատորի գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին մեր գործող օրենսդրությունը չի ներկայացնում այնպիսի պահանջներ, որոնք երաշխավորում են այդ կազմակերպությունների ստանձնած քաղաքացիաիրավական պարտավորությունների կատարումը», – ասաց նախարարը։ Վերջինս ավելացրեց, որ նախարարությունը և Տուրիզմի կոմիտեն աշխատում են օպտիմալ որոշումներ կայացնելու ուղղությամբ։

«Մեր կարծիքով ամենաճիշտ տարբերակը նշված կազմակերպություններին իրենց ստանձնած քաղաքացիաիրավական պարտավորությունների առնչությամբ ապահովագրության պահանջի ներկայացումն է։ Կենտրոնական բանկի հետ կաշխատենք նաև ապահովագրական ընկերությունների հետ, որպեսզի լավագույն պատկերացում ունենանք՝ ինչ մեխանիզմներով են կիառվում այդ գործիքները», – ասաց Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ մի կողմից դա պետք է սպառողի համար թանկ չարժենա։ Մյուս կողմից այդ ծառայությունների դիմաց որոշակի լրավճար կատարելով սպառողները կարող են երաշխավորված լինել, որ անակնկալների չեն գա։

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ ավելացրեց, որ ոստիկանությունում համապատասխան նյութեր են նախապատրաստվում։