Search
Close this search box.

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ Մոսկվա-Երևան չվերթի միջադեպի մասին

Ինչպես հայտնել էինք, կեսգիշերն անց՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:45-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը՝ օդաչուների սենյակում ծխի ահազանգի պատճառով, ինչի հետևանքով տուժել է 8 ուղևոր:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել ֆեյսբուքյան էջում. ««Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտնում ենք, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում։

Քաղաքացիները (ծնված՝ 1965թ-ին և 1974թ-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։

Նշենք, որ չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից»։