Search
Close this search box.

ՊԵԿ-ը կանխել է 2.5կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի տեղափոխման աննախադեպ փորձ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է թմրամիջոցի արտահանման հերթական խոշոր խմբաքանակը՝ ավելի քան 2.5կգ ափիոն: Այս անգամ մաքսանենգները փորձել են թմրանյութը տեղափոխել փոստային առաքանու միջոցով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները «Կարգո» բեռնային համալիրում մաքսային հսկողության շրջանակում զննման են ենթարկել Իրանի քաղաքացու անունից Կանադա արտահանվող սուրհանդակային առաքանին:

Մաքսանենգները փոստային առաքանու միջոցով փորձել են իբր իրանական արտադրության ապրանք առաքել Կանադա, սակայն առաջին հայացքից սովորական թվացող ծանրոցը չի վրիպել վարչության աշխատակիցների տեսադաշտից: Նախապես պատրաստված թաքստոցն էլ բացահայտվել է:

Փաստի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի հատկանիշներով։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: