Search
Close this search box.

Վիտալի Բալասանյանը պետք է բացատրի՝ ինչու է Բակո Սահակյանն իրեն աշխատանքից ազատել

Վիտալի Բալասանյանը պետք է հանդես գա հայտարարությամբ, բացատրություններ տա, թե ինչու է Բակո Սահակյանը նրան ազատել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, որպեսզի մութ կետեր չմնան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ հավելով, որ ո՛չ Վիտալի Բալասանյանի, և ո՛չ էլ Բակո Սահակյանի հետ դեռ չեն քննարկել Վիտալի Բալասանյանին աշխատանքից ազատելու հարցը:

«Արցախում անակնկալ չէր լինի, եթե ինքը հրաժարական ներկայացներ, տարբեր խոսակցություններ կային, որ աշխատանքից հեռանալու է, ցանկություն չուներ այլևս աշխատելու, կոնկրետ որն է Բակո Սահակյանի հրամանագրի դրդապատճառը այս պահին կդժվարանամ ասել: Կոնկրետ խնդիրներ կային ՀՀ վարչապետի և Վիտալի Բալասանյանի միջև դա տեսանելի էր նաև հրապարակումներում, բայց կդժվարանամ ասել՝ դրանի՞ց է բխում աշխատանքից ազատելը, թե ոչ: Կարող է պատճառը ճնշումը լինել, կարող է նաև քարոզարշավը լինել»,- մանրամասնեց նա:

Վահրամ Բալայանի խոսքով՝ չնայած նրան, որ նախագահական ընտրություններն Արցախում 2020թ-ին են նախատեսված, բայց ժամանակից շուտ նախընտրական գործընթացները մեկնարկել են:

«Վատն այն է, որ քարոզարշավը շուտ սկսեց և մի քիչ այդ լարվածության հանգամանքը հանրության և հավակնորդների միջև կա, ինչը տարբեր մոտեցումների տեղիք է տալիս»,-ընդգծեց նա:

Վահրամ Բալայանը նաև զարմանալի համարեց այն, որ երեկ Արցախի նախագահի մամուլի խոսնակը Վիտալի Բալասանյանի աշխատանքից ազատվելու մասին տեղեկությունները հերքել էր:

Հիշեցնենք, որ Հունիսի 11-ին Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: