Search
Close this search box.

Ահազանգ. վաճառվում են վայրի բնությունից գողացված աղվեսի ձագեր

Առցանց վաճառքի կայքերում տեղի ունեցող իրադարձությունները շարունակում են անկառավարելի ու անվերահսկելի մնալ, հաղորդում է Econews.am-ը:

Հատկապես, խոսքը կենդանիների, դրանց արգասիքների, խրտվիլակների ազատ և անթաքույց առք ու վաճառքի գործարքների մասին է: Դրանք չեն կարգավորվում ոչ միայն օրենսդրական ակտերով, այլ անտեսվում են նաև իրավապահ մարմինների կողմից:

Նշված կայքերում հաճախ կարելի է հանդիպել ապօրինի գործողությունների մասին վկայող բազմաթիվ հայտարարությունների: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ ահազանգում և իրավապահ մարմիններին է ներկայացնում փաստեր այդպիսի դեպքերի մասին:

Նշված կայքում հերթական անգամ վաճառվում են վայրի բնության միավոր հանդիսացող և բնությունից գողացված աղվեսի ձագեր:

Լոռի մարզի Վանաձոր քաղաքում գրանցված Նարեկ անունով օգտատերն ազատ առցանց վաճառքի է հանել բնությունից գողացված կենդանիների: «Աղվեսի ձագերը շատ հարմար կտանք 4 հատ…»,- գրել է նա: Հայտարությունը կայքում տեղադրվել է 04.06.2019թ.-ին: Որպես հաճախորդ ներկայացած լրագրողի հետ զրույցում վերջինս հայտնեց, որ երկուսն արդեն վաճառվել են:

«Երկու հատ ա մնացել: Ձեզ քանի՞ հատ էր պետք, հնարավոր ա էլի լինի: Կիրովական ա, հնարավոր ա երբ գալուց լինեմ, բերեմ: Նորմալ կեր են ուտում էլի, կաթից կտրված են, նորմալ կատվի չափով, ճիշտն ասած չգիտենք քանի ամսական են, մենք ուղղակի բռնել ենք, մերը չկա, անտառից ենք բռնել: Հատը 7000 դրամ: Մենք հավի ոսկորներից ենք առնում տալիս, տան ճաշից, շան նման ենք պահում էլի: Մի 10 օր ա էլի մեր մոտ են»,- ասաց նա:

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»:

Բացի վերոնշյալ օրենքում առկա կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման բազմաթիվ կարգավորումներից ու սահմանափակումներից, նշենք նաև, որ «Որսի համար նախատեսվող 2018-2019 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով վերոնշյալ կենդանատեսակի որսը թույլատրված չէ: EcoNews.am-ը, «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնությունը և բազմաթիվ այլ անհատներ ու կազմակերպություններ կրկին անգամ հրավիրում են ՀՀ օրենսդիր և իրավապահ մարմինների ուշադրությունը վերոնշյալ խնդրի ուղղությամբ՝ հորդորելով գործնական քայլեր ձեռնարկել ՀՀ-ում կենդանիների առք ու վաճառքի գործընթացը կանոնակարգելու ուղղությամբ, իսկ առցանց վաճառքի նման կայքերի պատասխանատուներին հորդորում ենք լինել առավել հետևողական և թույլ չտալ կայքերում նման ապօրինի գործողությունների մասին վկայող հայտարարությունների հրապարակումը:

Անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ աղվեսները հանդիսանում են տարբեր վարակների, հիվանդությունների, այդ թվում՝ զոոնոզ, կրողներ ու տարածողներ: Հաշվի առնելով, որ Հայաստանում պատշաճ եղանակով չի իրականացվում նաև կենդանական աշխարհի օբյեկտների շրջանում տարածված հիվանդությունների մոնիթորինգ և ուսումնասիրություն, ապա վայրի բնության մասնիկների նման ապօրինի օգտագործումը կարող է նաև ռիսկեր պարունակել հասարակության անդամների համար: