Search
Close this search box.

Կառավարությունում չկան այնպիսի մարդիկ, որոնք Փաշինյանին ուղղված «կրակոցներն» իրենց վրա կվերցնեն

«Մեր ժողովուրդը մեկ տարի առաջ գտնվեց քաղաքական ակտիվության մեջ, իշխանափոխություն, հեղափոխություն տեղի ունեցավ, և կարծեք թե պատմականորեն հույսերի մեջ մտավ: Այդ հույսերը դեռ պահպանվում են: Արդեն մեկ տարի անցել է, և մենք դրանց հասնելու ճանապարհի մասին դատողություններ կարող ենք անել: Առաջին՝ մեր ժողովուրդը քաղաքական շատ բարդ իրավիճակում է հայտնվել,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը: – Նախիջևանում զորավարժություններով սկսվել է վտանգավոր առևտուր Հայաստանի դեմ: Առանց Ռուսաստանի համաձայնության բացառվում է, որ այնտեղ մի ուրիշ պետության զորավարժություններ լինեին:

Երկրորդ՝ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում նաև հոգեբանական շատ բարդ վիճակ է առաջացել. բանն այն է, որ նոր իշխանություններն ընդդիմություն չունեն: Արտախորհրդարանական ուժերը ոչ թե ընդդիմությամբ են զբաղված, այլ մի ուրիշ գործունեությամբ… Մտել ենք մի փուլ, որտեղ ինչ-որ ուժեր զբաղված են պետությունը փչացնելով: Երրորդ՝ մեկ տարի է անցել, և մեր ժողովուրդը ինչ-որ չափով շփոթի մեջ է, անորոշության է մատնված, կողնորոշիչ փարոսներ են պետք»:

Հ. Մովսեսի դիտարկմամբ՝ հակապետական, ատելության մթնոլորտ է տիրում մեդիադաշտում. «Կեղտաջուր է շպրտվում պետության, իշխանության, կառավարության վրա: Դա արվում է ոչ թե սրտի ցավով՝ բացթողումների համար, այլ բարբաջանքով, իհարկե պատվերով»:

Բանաստեղծը նաև նշեց, որ կառավարությանը կառաջարկեր ժողովրդի հետ խոսել ոչ միայն հաջողությունների մասին, այլ նաև բացատրել, թե ինչ անհաջողություններ ունենք և ինչու:
«Վարչապետն անհատականություն է: Կառավարությունում չկան այնպիսի մարդիկ, որոնք Փաշինյանին ուղղված հարվածներն ու «կրակոցներն» իրենց վրա կվերցնեն»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կառավարությունում էլ սպասողական վիճակ է: