Search
Close this search box.

«Մենք ու մեր ապարանցիները զինվոր ծեծող չենք, զինվոր պահող ենք». Ապարանի քաղաքապետը` իր և եղբոր մասնակցությամբ զինվորին ծեծելու լուրի և այն ջնջված լինելու մասին

Օրերս Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, տեղեկացրել էր, որ մայիսի 15-ին ոստիկանության Ապարանի բաժին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ պաշտպանության նախարարության ժամկետային զինծառայող, 19-ամյա Գևորգ Սարգսյանին, ով գտնվելիս է եղել կարճաժամկետ արձակուրդի մեջ, Ապարան քաղաքի բնակիչ, 39-ամյա Կարեն Եղիազարյանը և նրա եղբայրը՝ Երևան քաղաքի բնակիչ, 41-ամյա Հայկ Եղիազարյանը, կանչել են Ապարան քաղաքի Մ. Բաղրամյան փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Գնթունիկ» սուպերմարկետ, որտեղ ծեծի են ենթարկել և հայտնել, որ նա սուպերմարկետից հափշտակել է 5 մլն 400 հազար դրամ գումար:

Գ. Սարգսյանը հրավիրվել է ոստիկանության Ապարանի բաժին, որտեղ հայտնել է, որ Կ. Եղիազարյանը իրեն ծեծի է ենթարկել, իսկ Հ. Եղիազարյանը սպառնացել է ու պահանջել, որ կես ժամվա ընթացքում նշված գումարը վերադարձնի: Կ. և Հ. Եզիազարյանները իրեն սպառնացել են նաև, որ եթե այդ մասին նա որևիցե մեկին հայտնի, այդ թվում՝ ոստիկանություն, ապա ինքն է դատվելու:
Shamshyan.com-ի այս տեղեկատվությունը մի շարք լրատվամիջոցներ հղումով տարածեցին:

Կարեն Եղիազարյանը Ապարանի գործող քաղաքապետն է, իսկ Հայկ Եղիազարյանը` քաղաքապետի եղբայրն է:
ArmLife.am-ը կապ հաստատեց Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հետ` պարզաբանում ստանալու, թե ինչու են եղբայրներով ծեծել զինվորին. «Ես, եղբայրս ու մեր ապարանցիները զինվոր պահող ենք, զինվոր ծեծող չենք: Էդ ով որ գրելա՝ զառանցանք է եղել և եթե ուշադրություն դարձնեք` ով որ գրելա, հիմա չկա էդ գրածը: Ես ոստիկանությունում չեմ եղել, որևէ ցուցմունք չեմ տվել, չգիտեմ էլ խոսքը ինչի մասին է»,-նշեց քաղաքապետը:

Քաղաքապետի այս պնդումից հետո պարզեցինք, որ հոդվածը սկզբնաղբյուր կայքից՝ Shamshyan.com-ից  հեռացվել է, չնայած որ նյութի վերնագիրը դեռ պահպանվում է Google որոնողական համակարգում: