Search
Close this search box.

«Ես միշտ նշել եմ, որ ընտանիք, օջախ, եկեղեցի հասկացություններն ինձ համար բացարձակ արժեք են». Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
ամբողջ աշխարհում այսօր նշվում է Ընտանիքի միջազգային օրը: 
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կայուն և ամուր ընտանիքներն են յուրաքանչյուր երկրի ու պետության հիմնասյունը: Ես միշտ նշել եմ, որ ընտանիք, օջախ, եկեղեցի հասկացություններն ինձ համար բացարձակ արժեք են և բացառիկ նվիրական նշանակություն ունեն: Ընտանիքը յուրաքանչյուր հայի համար սրբություն է: Հենց հայկական ավանդական ընտանիքներում են դաստիարակվում ազգային արժեհամակարգ դավանող սերունդները, որոնք էլ հանդիսանում են մեր հայ ազգի շարունակականության ամենակարևոր գրավականը: Ես միշտ ասել եմ, որ դաստիարակված լինելով մեր բազմադարյա ավանդույթներով առաջնորդվող հայ ընտանիքում, առաջնորդվելով մեր քրիստոնեական հավատքով ու ազգային արժեհամակարգով՝ ես միշտ եղել ու շարունակելու եմ լինել ավանդական հայ ընտանիքի կողմնակից, և ինձ համար երբեք ընդունելի չեն եղել և չեն լինելու ավանդապահ հայ օջախին անհարարիր ցանկացած դրսևորում:
Շնորհավորելով Ընտանիքի միջազգային օրվա առթիվ՝ բոլոր ընտանիքներին մաղթում եմ փոխադարձ սիրո և հարգանքի մթնոլորտում երկար տարիների երջանիկ կյանք: Ընտանեկան ջերմություն, բարեկեցություն, բարգավաճում և խաղաղություն աշխարհի բոլոր հայ օջախներին»: