Search
Close this search box.

Գլխավոր դատախազը՝ հանրապետությունից դուրս տարված ակտիվների մասին

Հանրապետությունից դուրս տարված ակտիվների վերադարձը իրավական գործընթաց է, որը ունի մասնավոր և ընդհանուր դրսևորում:
Այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նա նշեց, որ մասնավոր դրսևորումն այն է, որ քրեական գործի շրջանակներում այդ գործի քննության առարկա է հանդիսանում պատճառված վնասը, այսպես կոչված հափշտակված գումարների շարժի պարզումը:

Նրա խոսքով, երբ պարզվում է, որ որպես մեղադրյալ ներգրավված անձը կամ կասկածվող անձը հափշտակված գումարների արդյունքում երկրից դուրս անշարժ, շարժական գույք կամ բանկային հաշիվներ ունի, ապա քրեադատավարական պարզ ընթացքակարգեր են գործադրվում դրանց տնօրինումը արգելադրելու և շարժը պարզելու համար, որպեսզի հետագայում վնասները վերականգնելու քայլեր ձեռնարկվեն:

Խոսելով ընդհանուր միջոցների մասի՝ գլխավոր դատախազն ասաց, որ դրանք այն մեխանիզմներն են, որոնք հիմա էլ իրականացվում են գործընթացն ավելի օպերատիվ, արդյունավետ և արագ դարձնելու համար:

Նա այս հարցում կարևորեց միջազգային համագործակցության ակտիվացումը:

‹‹Փարձ է արվում և ակտիվ աշխատանքներ են տարվում, հատկապես բոլորիս հայտնի երկրներում, որտեղ կարող են բանկային այդպիսի շարժեր լինել, այդ երկրների գործընկերների հետ մեր համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ››,-ասաց Դավթյանը:
Պատգամավորի հարցին, թե միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում արդյոք գրանցվել են շոշափելի արդյունքներ, դատախազը պատասխանեց.

‹‹Այո, այդ նույն միջազգային համագործակցության արդյունքում պարզել ենք դրսում գտնվող մեր քրեական գործի տվյալներով հանցագործության պատճառված վնաս, և այս պահի դրությամբ դեռևս արդյունքն այն է, որ հնարավորություն ենք ունեցել արգելադրել դրա տնօրինումը››: