Search
Close this search box.

Դատարանում վիճարկվում է Սերժ Սարգսյանի եղբոր գույքի վրա կալանք դնելու որոշումը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, այսօր՝ ապրիլի 29–ին մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ նրա պաշտպանի բողոքի քննությունը:
Նիստի մեկնարկին մեղադրող դատախազը միջնորդել է դռնփակ քննել բողոքը՝ նկատի ունենալով, որ Սարգսյանի գործը դեռեւս նախաքննական փուլում է գտնվում, եւ դրա ընթացքում կարող է անհրաժեշտություն առաջանալ նախաքննական նյութերին հղում կատարելու: Պաշտպանական կողմը սակայն նշեց, որ նմանատիպ բողոքը դռնփակ քննելու իրավակակ մեխանիզմ չկա: Դատարանն ընդմիջումից հետո որոշեց բողոքը քննել դռնփակ դատական կարգով: Նշենք, որ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ, եւ այս գործի շրջանակներում քննիչի որոշմամբ նրա գույքի վրա կալանք է դրվել:

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցվել, ապա Հատուկ քննչական ծառայության վարույթ էր փոխանցվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը, որով անցնում են Լյովա Սարգսյանը, վերջինիս դուստրը՝ Անի Սարգսյանը եւ որդին՝ Նարեկ Սարգսյանը:

Նշենք, ուր Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը ներկայացել է քննությունն իրականացնող մարմնին եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշենք, որ ներկայումս տարբեր քրեական գործեր են քննվում նաեւ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա որդիների մասով։