Search
Close this search box.

«Հիմա պատկերացնո՞ւմ ես՝ ինչ է բանտախուցը». Մահապատժի դատապարտված դատապարտյալի բաց նամակը` ՀՀ նախկին միակ «տղամարդուն»

Բաց Նամակ ՀՀ նախկին միակ «տղամարդուն»

Տարիներ առաջ, երբ բանտախցում մամուլից տեղեկացա, որ ձեզ կոչել եք ՀՀ միակ «տղամարդը», նույն այդ մամուլով արձագանքեցի ձեզ, քանի որ մեծ ցանկություն ունեի ծանոթանալու այն մարդու հետ , ով ձեզ զրպարտել էր այդ պիտակով: Բայց հետո հասկացա, որ ոչ ոք նման «տիտղոս» ձեզ չի վերագրել, դուք էիք ձեզ պիտակավորել՝ երևակայելով ձեզ ՀՀ միակ «տղամարդը»,նույնիսկ չիմանալով և չունենալով տղամարդուն վայել վարքագիծ:

Նախկին բաց նամակումս քեզ հորդորել էի հանդես գալ տղամարդուն վայել վարքագծով, այն է՝ հայտարարություն անել, որ ձեր կողմից ստորագրված Ն-103 հրամանագիրը ապօրինի է, որի պատճառով 17 մարդ մահացավ բանտախցում արդարադատություն երազելով, իսկ 25 դատապարտյալ արդեն 16 տարի պայքարում է այդ ապօրինի հրամանիդ դեմ: Իհարկե, մեծ հույսեր չունեի, որ այնքան տղամարդ ես, որ կարողանաս ընդունել սխալդ և հայտարարել այդ մասին՝ գիտակցելով, որ 17 մարդ մահացել է այդ ապօրինության հետևանքով, ևս 25-ը այդ ճանապարհին են: Այժմ բանտախցում ես արդեն չորս ամիս, շուրջ 120 օր, դու գրեթե «հերոս» ես: Գոնե հիմա պատկերացնո՞ւմ ես՝ ինչ է բանտախուցը, կարո՞ղ ես ընկալել 20-25 տարին՝ 7300 կամ 9125 օր այդ խցում գտնվելը ինչ է նշանակում: Տղամարդու վարքագծի առաջնային հատկանիշներից մեկն այն է, որ իր կատարած սխալը գիտակցում և ընդունում է, ինչպես ես և շատ դատապարտյալներ, և շատ մարդիկ, ովքեր կատարել են հանցագործություն կամ սխալ արարք և այժմ հայտարարում են, որ սխալ են գործել՝ զղջում են , քո մեջ կա՞ այդ ուժը և տղամարդկային հատկանիշը, թե՞ ոչ: Նախագահի բարձր պաշտոնը, երկրի առաջնորդը հանդիսանալով, քեզ վերագրել էիր միակ «տղամարդու» երկրի բոլոր պաշտոնյաների նախագահ, վարչապետ, դատախազ, դատավոր նույնիսկ «ուչաստկովի» գործառույթները՝ մոռանալով, որ պիտի լինես միայն նախագահ, երկրի ղեկավար, ով պետք է լինի և՛ պատժող, և՛ հոգատար, լինի արդարամիտ և երաշխավորը արդարադատության, լինի ներողամիտ և մեծահոգի: Այս հատկանիշներն են իսկական տղամարդուն և երկրի առաջնորդին վայել հատկանիշները: Իհարկե, գրելով այս բաց նամակը՝ վստահ եմ, որ կտեղեկանաք կամ կտեղեկացնեն, բայց համոզված եմ, որ չեք պատասխանելու և չեք արձագանքելու, քանի որ……

Հ.Գ. Հա, քանի որ ես պարկեշտ մարդ և կալանավոր եմ, ուստի որպես ստաժավոր բանտարկյալ՝ քեզ խորհուրդ տամ. մի պառկիր և նայիր պատալոկին, դա քեզ ապագա չի, գլուխդ աշխատացրու՛, մի լավ թաքստոց սարքիր (тайник), որ խուզարկության ժամանակ հեռախոսդ չառգրավեն… Հա, ասեմ՝ ( чифир ) չխմես, ֆառֆռից գեղեցիկ ատամնաշարդ կթափվի: Բա տեսնո՞ւմ ես՝ կյանքը ինչ է, հեչ մտքովդ չէր անցնի, որ մի օր իմ խորհրդի կարիքը կզգաս: Ասեմ նաև՝ պերեդաչի ստանալիս հարևան խցերի բախտակիցներիդ էլ կուղարկես՝ սև խավիարից, կոկորդիլոս ա, կապիկի ուղեղ ա, ուղարկիր, թող ուտեն, շուտվանից կերած չեն լինի: Թերևս առայժմ այսքանը:

Մահապատժի դատապարտված դատապարտյալ Ստեփան Գրիգորյան