Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նախկին իշխանությունները չեն պրծել, դուք էլ չեք պրծնի իմ ձեռից, նամակ եմ գրում ԱԺ, չեն էլ պատասխանում». Վարդգես Գասպարին՝ Հայկ Կոնջորյանին

Քաղաքացու օրվա շրջանակներում Միսաք Մանուշյանի անվան պուրակում «Իրազեկ քաղաքացի» խորագրով հանրային քննարկում է իրականացվում, որին մասնակցում են ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը և քաղհասարակության ներկայացուցիչներ:

Զարուհի Բաթոյանն ասաց, որ անցնող տարին իր համար եղել է ծանոթությունների, ուսումնասիրությունների տարի. «Որքան էլ տեղյակ ենք խնդիրներին, միևնույն է կան խնդիրներ, դետալներ, որոնց կարելի է ծանոթանալ միայն ներսից: Ինձ համար ուսումնասիրությունների, ծանոթանալու փուլ էր: Եթե մենք նույնիսկ շատ արագ չենք կարող խնդիրները լուծել, նվազագույնը, որ կարող ենք անել, քաղաքացուց լսելն է. սա գոնե որևէ լուրջ ռեսուրս, դրամանական միջոց չի պահանջում»:

Անդրադառնալով քաղաքացիների և պաշտոնյաների միջև կապին, Հայկ Կոնջորյանն ասաց, որ դրա կարևոր օղակն ԱԺ պատգամավորներն են, որովհետև պատգամավորը քաղաքացիների ներկայացուցիչն է ԱԺ-ում:

«Նախկինում այդ անջրպետը կար, որովհետև պատգամավորն իր գործառույթը չէր իրականացնում կամ իրականացնում էր բացթողումներով: Այսօր մենք ունենք այլ իրավիճակ: Այսօր կարևորագույն տեղ ենք հատկացնում քաղաքացու հետ ամենօրյա շփումներին: Ինչ վերաբերում է Կառավարություն անսխալ լինելուն կամ Կառավարություն-ԱԺ հարաբերություններին, ապա մենք մշտապես շեշտել ենք, որ եթե մենք ցանկանում ենք կայուն, զարգացած ինստիտուտներով պետություն ստեղծել, ապա պետք է ստեղծենք զսպումների ու հակակշիռների մեխանիզմ»,-ասաց Հայկ Կոնջորյանը:

Քննարկմանը ներկա էր նաև քաղհասարակության ներկայացուցիչ Վարդգես Գասպարին, ով բողոքեց, որ պաշտոնյաներին են թույլ տալիս խոսել, ովքեր ասում են այն, ինչի մասին իրենք բազմիցս լսել են:

Որոշվեց ձայն տալ Գասպարիին, ով ասաց. «Նախկին իշխանությունները չեն պրծել, դուք էլ չեք պրծնի իմ ձեռից: Պարո՛ն Կոնջորյան, ձեր՝ իշխող քաղաքականության ուժի կարծիքը քաղաքացու հետ կապի մասին իրականությանը չեն համապատասխանում: Ես ԱԺ տարբեր հանձնաժողովների հարցեր եմ ուղղել, ինձ չեն էլ պատասխանել: Չեն էլ ասում՝ ստացել են նամակս, չեն ստացել: Ասում եմ՝ մարդ են, կարող է՝ նոր են եկել, հնարավոր է՝ սովոր չեն, որ իրենց էլեկտրոնային հասցեն պետք է ստուգեն, մի հատ էլ «Ֆեյսբուքով» եմ գրում, բայց իմ հարցերին չեն պատասխանում: Պետաիրավական հանձնաժողովին, տնտեսական հանձնաժողովին հարցեր եմ գրել, չեն էլ պատասխանել»,-ասաց Գասպարին:

Հայկ Կոնջորյանն ասաց, որ կպայմանավորվեն իրար հետ, նրան կհրավիրի Ազգային ժողով և կհանդիպի այդ հանձնաժողովների ներկայացուցիչների հետ և բոլոր հարցերը կփոխանցի նրանց: