Search
Close this search box.

Հայաստանն ու Իրանը բանակցում են գազի լրացուցիչ ծավալների ներկրման շուրջ

Երևանն ու Թեհրանը բանակցում են Հայաստան մատակարարավող իրանական գազի ծավալները 2,5 անգամ մեծացնելու շուրջ, հնարավոր է՝ նոր համաձայնագրով հայկական կողմը Իրանին վճարի ոչ թե էլեկտրաէներգիայով, այլ դրամով, ինչը թույլ կտա իրանական գազը հասցնել հայաստանյան սպառողներին՝ բնակիչներին և ձեռնարկություններին:

Իրանական «Շանա» լրատվական գործակալության հետ զրույցում այս մասին օրերս հայտարարել է Իրանի ազգային գազային ընկերության միջազգային համագործակցության ղեկավար Բեհզադ Բաբազադեհը՝ ներկայացնելով մի քանի այլ ուշագրավ մանրամասներ ևս: Ըստ այդմ՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով պայմանավորվածության շրջանակում Հայաստան իրանական գազի արտահանման առավելագույն ծավալը օրական 1 միլիոն խորանարդ մետրից պակաս է, և հայկական կողմն առաջարկել է ավելացնել ներկրվող իրանական գազի ծավալը, այն հասցնելով օրական մինչև 2 կամ 2,5 միլիոն խորանարդ մետրի:

Իրանի ազգային գազային ընկերությունն այժմ քննարկում է այդ առաջարկը: Իհարկե, ընկերությունը նախընտրում է ուղղակի պայմանագիր կնքել Հայաստանի հետ՝ գազի առաքման ծավալները մեծացնելու համար, որպեսզի լրացուցիչ գազի դիմաց վճարվի ուղղակիորեն, ասել է Բեհզադ Բաբազադեհը: Հարցին՝ ծրագրու՞մ եք նոր համաձայնագիր կնքել Հայաստանի հետ, նա դրական պատասխան է տվել․ «Այո, մենք քննարկումներ ենք ունեցել այդ կապակցությամբ: Իհարկե, Հայաստանը նախընտրում է ռուսական գազի զեղչված գինը, որը ցածր է և մեզ համար անընդունելի»:

Բաբազադեհը, միաժամանակ, ընդգծել է՝ Հայաստանի հետ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով համաձայնագիրը կպահպանվի: ««Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագիրը ստորագրվել է Իրանի ու Հայաստանի կառավարությունների միջև, այն կպահպանվի: Բայց եթե Հայաստանը շահագրգռվածություն է ցուցաբերում Իրանից ավելի շատ գազ ստանալու հարցում, Իրանի ազգային գազային ընկերությունը, որպես գազի առևտրով զբաղվող սուբյեկտ, կցանկանար այդ հարցով առանձին համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, որպեսզի գազի արտահանման դիմաց մենք դրամ ստանանք»,- նշել է Բեհզադ Բաբազադեհը:

«Ազատությունն» այսօր գրավոր դիմել է Հայաստանի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին, խնդրելով պարզաբանել՝ ի՞նչ արդյունքի են հանգել նշված բանակցությունները, Հայաստանը որքա՞ն լրացուցիչ գազ է ակնկալում Իրանից և արդյո՞ք այդ գազը մատակարարավելու է հայաստանյան սպառողներին՝ բնակիչներին և ձեռնարկություններին: Նախարարի արձագանքը ստանալուն պես կհրապարակենք:

Այս ամսվա սկզբին Թեհրան կատարած այցին ընդառաջ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուշագրավ հայտարարություն արեց, նշելով, թե Հայաստանի և Վրաստանի տարածքով Իրանից դեպի Եվրոպա գազի տարանցման հարցը ներկայումս փորձագիտական քննարկումների փուլում է: