Search
Close this search box.

«Եվրոպայի լավագույն հավաքականներն են ժամանելու Երևան». Թոմ Բանդիկյան

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի նորեկ Մարսելի «Օլիմպիկ»-ի ֆուտբոլիստ Թոմ Բանդիկյանը, ՀՖՖ մամուլի քարտուղարությանը տված հարցազրույցում, խոսել է Երևանից և Հայաստանի հավաքականից իր տպավորությունների մասին։

— Ձեր կարիերայում նոր փուլ է սկսվել: Ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար:

— Կարիերաս սկսել եմ Մարսելի մերձակայքում գտնվող «Սետեմ-լե-Վալոն» ակումբում: Այս ակումբը հայտնի է նրանով, որ կարիերայի մեկնարկում այնտեղ խաղացել է Զինեդին Զիդանը: Հարձակողական ոճի կիսապաշտպան եմ: Այս տարի լրացավ 17-ամյակս: Հիմա Մանուելի հետ ներկայացնում ենք Մարսելի «Օլիմպիկ»-ը: Կարևոր մարտահրավերի համար գտնվում եմ հայրենիքում: Եռօրյա մարզումները շատ լավ անցան:

-Հավանաբար հասցրեցիք ծանոթանալ ֆրանսիական և հայկական ֆուտբոլի մարզումային տարբերություններին:

— Այստեղ կարճ փոխանցումներն ու արագաշարժ տեղաշարժերը մեծ տեղ են զբաղեցնում: Մարսելում սովոր ենք բարձրից փոխանցումներով խաղալ, այնտեղ ավելի ուղղահայաց ֆուտբոլ է: Արագորեն կփորձեմ մերվել այս խաղին և ավելի համակողմանի դառնալ: Ձգտելու ենք օրեցօր զարգացնել փոխգործակցությունը:

— Հաղորդակցվելու առումով, կարծես, առաջընթաց կա:

— Այո, խաղային դիրքիս վերաբերող բառերը առաջնահերթ են: Օրինակ, պատ խաղարկելիս ասում եմ «ինձ-քեզ»: Նորեկներս պետք է նաև այդ ուղղությամբ աշխատենք:

— Առջևում Եվրոպայի առաջնությունն է: Ի՞նչ սպասելիքներ ունեք:

— Եվրոպայի լավագույն հավաքականներն են ժամանելու: Շատ ուրախ եմ, որ այդպիսի մրցաշար է կայանալու Երևանում: Հայաստանի հավաքականը, հույս ունեմ, իրեն լավագույն կողմերով կդրսևորի: Բոլորիս հաջողություն եմ մաղթում: