Search
Close this search box.

Գործարարը դատի է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը

Գյուղատնտեսության նախարարության հետ տարիներով համագործակցած գործարարը դատական հայց է ներկայացրել նախարարության դեմ: Խոսքը կառավարության սուբսիդավորած ծրագրերով՝ պետգնումներում ակտիվ մասնակից «Հրաշք այգի» ընկերության մասին է, որի ղեկավարն է Արթուր Իվանյանը: Ընկերությունը, որն իր ոլորտում խոշորագույնն է համարվում, զբաղվում է թունաքիմիկատների, պարարտանյութերի, գյուղտեխնիկայի և գյուղատնտեսական տարատեսակ ապրանքների ներկրմամբ և վաճառքով:

Գործարար-նախարարություն լարվածությունն առաջացել է թունանյութի մատակարարման մրցույթից հետո, երբ 2019թ. մատակարարման նպատակով «Հրաշք այգին» մասնակցել է և հաղթող է ճանաչվել նախարարության հայտարարած տենդերին, սակայն հաղթելուց հետո նախարարությունը հրաժարվել է ընկերության հետ պայմանագիր կնքել։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 25 մլն 680 հազար 400 դրամ:

Նախարարությունը, փաստորեն, այդպես էլ չի գնել «Հրաշք այգի» ընկերությունից մկնասպան թունանյութերը և 2018թ. նոյեմբերին հայտարարված մրցույթի արդյունքներն առոչինչ համարելով՝ մի նոր տենդեր է հայտարարել՝ այս տարի փետրվար ամսին, և այս անգամ՝ լրիվ փոփոխված տեխբնութագրով: «Հրաշք այգի» ընկերության փաստաբան Միքայել Ավետիսյանն այս ամբողջ պատմությունն իր պաշտպանյալ գործարարի դեմ «հատուկ գործողություն» է որակում:

Ընկերությունը դատարանում վիճարկելու է զավեշտալի հիմքերով կազմված տեխնիկական բնութագիրը, որով փորձ է արվել օրենքի պահանջից դուրս արհեստածին չափանիշեր գրել, որպեսզի դռներ, պատուհաններ արտադրող մի կազմակերպություն հաղթի թունանյութերի համար նորից հայտարարված մրցույթում: Փաստաբանի խոսքով՝ նախարարությունն այս դիտավորությանը գնացել է, որպեսզի խոշոր խաղացողին հեռացնի պետգնումների գործընթացից: Իսկ անձնական շահագրգռվածությունը նախարարինը չէ, փաստաբանը սլաքներն այլ ուղղությամբ է տանում՝ կառավարության պաշտոնյայի անունը խոստանալով հրապարակել առաջիկայում:

Աղբյուրը` 168.am