Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանը դատարանում ներկայացրել է արտակարգ դրություն հայտարարելու հիմքերն ու պատճառները

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու ընդհանուր իրավասության դահարանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչի բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 12:30-ին: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց փաստաբան Հայկ Ալումյանը։

Այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ կողմերն ավարտել են իրենց փաստարկների ներկայացումը։ Փաստաբանի ներկայացմամբ՝ այսօր ելույթ է ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նկարագրել իրադարձությունները, 2008թ. նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, զարգացումները, արտակարգ դրություն հայտարարելու հիմքերն ու պատճառները։ Ըստ նրա՝ այսօր դատարանում չի հնչել մի բան, որ նախկինում դատավարությունների ժամանակ չի ասվել, բայց այդ ամենը պետք էր ասել նաև տվյալ դեպքում այս գործը քննող դատարանին, որովհետև այս դատարանն այդ փաստարկները երբեք չէր լսել։

«Այս պրոցեսներում դատարանը սովորաբար լինում է լսողի կարգավիճակում։ Դատարանն ուշադիր բոլոր փաստարկները լսել է, կողմերից որոշ ճշտումներ է խնդրել, և ոչ ավելին»,- նշեց պաշտպանը։

Լրագրողների հետ ճեպազրույցում փաստաբանը կրկին հերքել է մեղադրանքի կողմի այն պնդումը, թե 0038 հրամանով Երևանի նոր կայազոր է ստեղծվել՝ նշելով, որ դա տոտալ ապատեղեկատվության մի մասն էր։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը եւս 2 ամսով երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը, միաժամանակ մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը` Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին:

Պաշտպանական կողմը բողոք էր ներկայացրել դատարանի որոշման դեմ, որի քննությունը վերաքննիչ քրեական դատարանում սկսվել էր ապրիլի 4-ին: Դատարանը միաժամանակ քննում էր նաև Դատախազության բողոքը` ընդդեմ դատարանի որոշման պատճառաբանական այն մասի, ըստ որի` կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է, և չկան հիմքեր ենթադրելու, թե ազատության մեջ մնալով` Քոչարյանը կխուսափի քննությունից:

Մինչ վերաքննիչ քրեական դատարանը լսում էր բողոքները՝ հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը գրանցել է պաշտպանական կողմի երրորդ գանգատը, որը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետն առաջին անգամ երկարացնելուն, որի ընթացքում խախտվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը: