Search
Close this search box.

Երկրապահը պարտավոր է վերադառնալ իր ակունքներին.Սասուն Միքայելյան

Մենք այսօր այստեղ ենք մեր սխալներն ուղղելու, ԵԿՄ-ն պարտավոր է վերադառնալ իր ակունքներին: Այս մասին այսօր Երկրապահ կամավորականների միության 12-րդ արտահերթ համագումարին իր ելույթում ասաց ԵԿՄ նախագահի թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

Ելույթի սկզբում Սասուն Միքայելյանը ներկաներին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ԵԿՄ հավերժ նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի և նահատակված մարտական ընկերների հիշատակը:

Նրա խոսքով՝ ԵԿՄ ստեղծումն իր հիմքում ունեցել է մեկ հիմնական նպատակ՝ ապահովել միասնականությունը ռազմի դաշտում, միավորել բոլոր կամավորական ջոկատներին մեկ միասնական գաղափարի շուրջ: Սակայն, 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հաջորդած 19 տարիների ընթացքում, ըստ նրա՝ օրվա իշխանություններին հաջողվել է քայլ առ քայլ պառակտել ԵԿՄ-ն, ստեղծել բազմաթիվ միավորումներ, դրանք հանել միմյանց դեմ, ներքաշել կեղտոտ քաղաքական խարդավանքների մեջ:

«Երկրապահը կարող է և պարտավոր է վերադառնալ իր ակունքներին և վերականգնել իր տեղն ու դերը հայոց բանակի հզորացման, մեր պետականության ամրապնդման, Արցախի անվտանգության ապահովման և մեր համազգային նպատակների իրականացման գործում: Դա է այսօրվա մեր հրամայականը, դա է մեր սուրբ պարտականությունը մեր նահատակված ընկերների առաջ, դա է ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի պատգամը մեզ»,- ասաց Սասուն Միքայելյանը