Search
Close this search box.

Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է. նրա պաշտպանները դիմելու են ՄԻԵԴ

Դատարանը բավարարել է գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Փաստաբանը նշեց, որ դիմելու են Եվրոպական դատարան: «Սա արդեն խոշտանգում է Մանվել Գրիգորյանի նկատմամբ՝ կապված նրա առողջության հետ: Բոլոր հիմքերը կան, որ դիմենք դատարան»,- ասաց նա: Դիտարկմանը՝ Մանվել Գրիգորյանը դեմ էր ՄԻԵԴ դիմելուն, փաստաբանը նշեց, որ իրենց հաջողվել է համոզել նրան: «Արդեն համաձայնություն ստացել ենք, քանի որ չափն անցել են լրիվ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: