Search
Close this search box.

Մենք չենք կարողանում համարժեք որակի մասնագետներ պատրաստել

«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը «ԲՀԿ» պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ առաջարկը պարզ սխեմա է, և պետք չէ խորանալ ու ասել, թե այն կարող է առաջացնել բուհերի ինքնավարության խնդիր: «Այստեղ նման խնդիր չկա»,- ասաց նա:

Նա, դիմելով ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանին, նշեց, թե խոսում են բուհերի ինքնավարությունից, բայց շատ ավելի նման միջամտության դեպքեր կան: «Ընդհանրապես պետք է վերջ տալ, որ դիմումներ գրեն նախարարություն, որ այնտեղ թույլ տան ևս մեկ անգամ հանձնել քննությունը, այդ բաներին պետք է վերջ տալ, բայց ինքներդ պետք է նախաձեռնեք, ոչ թե ներքևից ասեք՝ այլևս մեզ դիմումներ չգրեք, որ 6-րդ, 7-րդ կամ 9-րդ անգամ հանձնեն քննություն»,- ասաց նա:

Բացի դրանից, պատգամավորը նշեց, որ հիմա վարձավճարի տարաժամկետման հարցն են որոշում, բայց ավելի հետաքրքիր է, թե ուսման վճարի գինն ո՞վ է որոշում: «Պետությո՞ւնն է սահմանում, թե՞ ով, և նաև որակի հարցը…նախարարությունը կամ չգիտեմ ով վերահսկում է որակը, այսօր բուհն ավարտած շրջանավարտների ո՞ր տոկոսն է, որ բավարարում է շուկայի պահանջին, և ո՞նց գնահատենք դա, որ հասկանանք՝ որակյա՞լ մասնագետ են թողարկում, աշխատա՞նք չկա, թե՞ մասնագետ չկա»,- ասաց նա:

Ըստ նրա՝ պետք է հստակ ծրագիր մշակեն և կրթական ծրագրերը աշխատաշուկայի պահանջարկին համապատասխանեցնեն, թե չէ կառավարությունները փոխվում են, ասում են՝ մեզ 7 տարի պետք է դրա համար, փոխարենը գործիքակազմ ունենան:

«Օրինակ, ասեն, որ վերահսկում ենք որակը, և դրա համար չափանիշ լինի, որ բոլորը, օրինակ, պետք է երկու-երեք օտար լեզու իմանան, երկրորդ՝ անգրագետ կամ կիսագրագետ շրջանավարտ չլինի, երրորդ՝ պետական հանձնաժողովները, որոնք որ թողարկում են, հասկանան՝ պատասխանատվության ռեժիմ կա, թե չկա, թե ամեն հարյուր ավարտածից, 10-ը չեն բավարում այսօրվա ստանդարտներին»,- ասաց նա:

Միքայել Մելքումյանի ենթադրությամբ՝ կրթության խնդիրը որակի մեջ է: «Մենք չենք կարողանում համարժեք որակի մասնագետներ պատրաստել»,- ասաց նա: