Search
Close this search box.

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի «չընտրությունը», ԿԳՆ շահագրգռվածությունը և սև PR-ը

Մարտի 2-ին Շիրակի պետհամալսրանում տեղի ունեցան ռեկտորի ընտրություններ, որին թույլատրվեց մասնակցել 4 թեկնածուներից 2-ին՝ Անդրանիկ Սարգսյանին և Լուսինե Ֆլջյանին: Իրոք, սա ռեկտորի առաջին այլընտրանքային և թափանցիկ ընտրության դեպքն էր բուհի պատմության մեջ, որը սակայն տապալվեց: Տապալվեց, քանի որ դրա մեջ շահագրգռված էին և նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչները, որոնք լուրջ տոկոս են կազմում Հոգաբարձուների խորհրդում, ինչպես նաև ԿԳՆ-ի ջանքերի շնորհիվ, որի ներկայացուցիչ, ՇՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ Լուսինե Առաքելյանը բավականին բացահայտ հակաֆլջյանական ելույթ ունեցավ ռեկտորի ընտրության քվեարկությունից մի քանի րոպե առաջ:
Դրանից առաջ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը մի քանի անհարմար հարցեր ուղղեց տիկին Ֆլջյանին, որը և, ըստ ներկաների, բավականին մեծ ազդեցություն ունեցավ ռեկտորի ընտրության արդյունքների վրա:Պարոն Բարսեղյանը, որը միկրոսկոպի տակ ուսումնասիրել էր Լուսինե Ֆլջյանի ամբողջ “հոդվածադարանը”, մի հրապարակախոսական հոդված էր գտել linkedin.com-ում, որտեղ տիկին Ֆլջյանը, իբրև թե, հղում չէր տվել հեղինակին, ում մտքերը մեջբերված էր հոդվածում: Արդեն ընտրություններից հետո պարզեցի, որ այդ հոդվածում հղումները կան, որոնք, այսպես կոչված, ակտիվ հղումներ են և առանձնացվում են համացանցում կապույտ գույնով: Պարոն Բաքսեղյանը նաև բարձրաձայնեց տիկին Ֆլջյանի դոկտորական ատենախոսության հետ կապված աննշան խնդիրը, որն այդտեղ գտնվող անտեղյակների և համացանցի շատ ունկնդիրների համար դարակազմիկ բացահայտում էր: Այնինչ, գիտթեկնածուական կամ դոկտորական ատենախոսություններ պաշտպանածները գիտեն, որ ԲՈՀ-ԲՈԿ-ը տարեկան հարյուրներով ատենախոսություններ է “թեթև բացթողումների” ուղղման համար վերադարձնում հեղինակներին, որոնք հետագայում՝ուղղումներից հետո, առանց որևէ խնդրի, հաստատվում են: Պետք է արձանագրեմ, որ այստեղ նաև տիկին Ֆլջյանի մեղավորությունը կար, որ, ցավոք, այդ հարցերից խառնվեց իրար, թևաթափ եղավ և չկարողացավ շատ պարզ բացատրել պարոն Բարսեղյանին և անտեղյակ մասսային այն, ինչի մասին ես գրեցի:
Ի դեպ, զարմանալիորեն Ֆլջյանին խոշորացույցով ուսումնասիրած պարոն Բարսեղյանը բաց էր թողել այն փաստը, որ ռեկտորի թեկնածու Սարգսյան Անդրանիկի հայեցակարգը բացահայտ պլագիատ էր՝ վերցված “ՀՀ Կրթության զարգացման ծրագիր 2020-2030”-ից, որի փաստը վերջինս ընդունեց երկու թեկնածուների հարց ու պատասխանի ժամանակ, բացատրելով, որ “կրկնությունը գիտության մայրն է”:
ԿԳՆ փոխնախարարի ելույթի մասին էլ ասեմ, որ, տիկինը որևէ փաստ չներկայացնելով, բացահայտ մեղադրանքներ հնչեցրեց թեկնածուներից մեկի հասցեին, որ վերջինս օգտագործում է ԱԺ նախագահի և ԿԳ նախարարի անունները՝ ռեկտորի ընտրության ժամանակ: Առանձին զրույցում տիկին Առաքելյանն ասաց, որ նա ունի բոլոր փաստերը, սակայն լավ կլիներ, եթե տիկին փոխնախարարը այդ նույն փաստերը ներկայացներ հենց ամբիոնից: Թե չէ, ստացվեց սև PR թեկնածուներից մեկի դեմ: Տխուր է, որ ՇՊՀ-ի ռեկտորի առաջին արդար և թափանցիկ ընտրություններն անցան սև PR-ի, թեկնածուներին մանթրաժահարելու ֆոնի վրա: Այն, որ ՇՊՀ-ի ռեկտորի ընտրությունների տապալումը ամենահավանականն էր, ես բազմիցս եմ դրան անդրադարձել: Դրանում ամենաշահագրգռվածը Սահակ Մինասյանն էր և նրա թիմը, որոնք աջուձախ հայտարարում են, որ աշնանը իշխանափոխություն կլինի և Մինասյանը հետ կգա: Բայց մարտի 2-ին ՇՊՀ-ի ռեկտորի ընտրությունների տապալման մեջ երևում է ամենաշահագրգիռը ԿԳՆ-ն էր, որն իր խաղն է տանում:
Հ.Գ. Ամենազզվելին այն էր, որ դահլիճում որոշ ներկաներ, որոնց թեկնածուական ատենախոսություններն ուրիշներն են գրել և կրկնապաշտպանությամբ են հաստատվել ԲՈՀ-ում, հրճվանքի մեջ էին Բարսեղյանի “բացահայտումներից”: