Search
Close this search box.

Որտեղ է տնտեսական հեղափոխության կախարդական փայտիկը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թավշյա հեղափոխության սկզբում խոստանում էր, որ ինքը կախարդական փայտիկ ունի, որի միջոցով կապահովի Հայաստան օտարերկրյա ներդորւմների այնպիսի շռնդալից մուտք, որը շատ կարճ ժամանակում կապահովի Հայաստանի տնտեսության աշխուժացում, դրանից բխող սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմամբ: Փաշինյանը շատ հեռու լինելով տնտեսությունից և դրա կառավարումից, կարծում էր, որ բավարար է, որ ինքը հայտարարի, թե Հայաստանում չկա կոռուպցիա և Հայաստանի տնտեսական դաշտը ազատ է բոլոր ցանկացողների համար, դրանից հետո մարդիկ փողը ճամպրուկները դրած կվազեն Հայաստան ու կսկսվի ներդրումային բում:

Անցած 9 ամիսները ցույց տվեցին, որ ոչ մի կախարդական փայտիկ էլ չկա ու դրա ամենապարզ ապացույցը ներդրումային բումի բացակայությունն է: Փաշինյանը վերջին ամսվա ընթացքում շվեյցարական Դավոսում էր, հետո պաշտոնական այցով Գերմանիայում էր: Այդ երկու այցերի ընթացքում էլ նա խոսում էր Հայաստան ներդրումների ապահովման անհրաժեշտության մասին, բայց որևէ կոնկրետ ծրագիր, որևէ պայմանավորվածություն այդպես էլ չի կայացվել: Եվ դրա պատճառը առավել քան պարզ է:

Ամբողջ աշխարհում պայքար է գնում յուրաքանչյուր դրամի համար, և բոլոր պետություններն ու դրանց իշխանությունները պայքարում են, որ փողը ներդրվի հենց իրենց երկրում: Դրա լավագույն օրինակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրականացվող քաղաքականությունն է, երբ նա իր երկրի գործարարներին կոչ է անում տարբեր երկրներում կազմակերպվող արտադրությունները տեղափոխել ԱՄՆ՝ լինի դա հեռախոսների կամ մեքենաների հավաքում, թե տարբեր բարձր տեխնոլոգիական ընկերությունների հիմնում: Նույն Գերմանիայի իշխանությունները հիմա ամեն ինչ անում են, որ Հարավարևելյան Ասիայի երկրներում ներդրումներ կատարած գործարարները իրենց կապիտալը վերադարձնեն Գերմանիա: Վերջերս հայտնի դարձավ, որ Ադիդաս ընկերությունը փակել է Բանգլադեշում կառուցած իր երկու գործարանները դրանք վերադարձնելով Գերմանիա: Իհարկե, Գերմանիայում աշխատուժը ավելի թանկ է, քան Բանգլադեշում, բայց արտադրության ավտոմատացման հաշվին միավոր արտադրանքի մեջ աշխատուժի բաժինը հիմա այնքան փոքր տեսակարար կշիռ է կազմում, որ այն այլևս էական դեր չի կատարում արտադրության կազմակերպման վայրը ընտրելու համար: Բացի այդ բարձր տեխնոլոգիական արտադրություն կազմակերպելու համար հիմա վճռորոշ է դարձել ոչ թե էժան, այլ որակյալ աշխատուժը, որն առկա է հենց զարգացած երկրներում: Այս ամենը ասում ենք միայն նրա համար, որ օտարերկրյա ներդրումների վրա հույս դնող ռոմանտիկները հասկանան, որ դրսից կապիտալի ներգրավումը սեփական տնտեսության աշխուժացման համար գնալով ավելի դժվար և միգուցե անիրատեսական է դառնում: Միակ իրական հնարավորությունը ներքին ռեսուրսի արդյունավետ օգտագործումն է:

Հայաստանի իշխանությունն առաջին հերթին պետք է ապահովի այնպիսի պայմաններ, որ Հայաստանի գործարարների համար շահավետ լինի իրենց աշխատած գումարը ներդնել Հայաստանում, և ոչ թե այն ներդնել որևէ այլ երկրում: Որովհետև եթե Հայաստանի գործարարը չի վստահում իր երկրի իշխանությանը կամ տնտեսական ապագային և իր կապիտալը արտահանում է, ապա անիմաստ է մտածել, որ ինչ-որ մեկը դրսից իր գումարը կբերի և կներդնի Հայաստանում: Իսկ ի՞նչ պետք է անի իշխանությունը՝ հայ գործարարներին շահագրգռելու համար: Կոռուպցիայի և մենաշնորհների բացակայության մասին հայտարարությունները, իհարկե, լավ են, բայց գործարարը պետք է զգա, որ ինքը իսկապես պաշտպանված է իր երկրում: Գործարարը պետք է իմանա, որ չկա հարկային տեռոր և հարկային մարմիններն ամեն օր չեն մտնի իր ձեռնարկություն, անիմաստ ստուգումներ չեն կազմակերպի ու բազմամիլիոնանոց տուգանքներով չեն ծանրաբեռնի իրեն ու իր ձեռնարկությունը: Գործարարը պետք է զգա, որ ոստիկանությունը, դատախազությունը և նման այլ պետական ծառայություններ իրեն չեն նայում, որպես եկամտի աղբյուր և չեն միջամտում իր տնտեսական գործունեությանը:

Ամբողջ աշխարհում երկրի առավել խոշոր գործարարները համարվում են այդ երկրի հպարտությունը, նրանց մասին գրքեր են գրվում, ֆիլմեր ու հեռուստատեսային հաղորդումներ են պատրաստվում, որովհետև պետությունը և իշխանությունը ուզում են ցույց տալ, որ նրանք պետական հոգածության տակ են:

Հայաստանում խոշոր գործարարի կերպարը հավասարեցված է հանցագործի հետ, ում կարելի է փռել ասֆալտին, կամ ծեփել պատին: Մինչդեռ, առանց այդ գործարարների վճարած հարկերի ոչ այդ պետական պաշտոնյաները աշխատավարձ կստանային, ոչ էլ նրանց սպասարկող կառույցները: Հայաստանի վարչապետը պետք է առնվազն ամիսը երկու անգամ հանդիպի խոշոր գործարարների հետ, լսի նրանց բողոքները, հասկանա ինչ խնդիրներ ունեն նրանք, և պետությունն իր հնարավորության սահմաններում ինչով կարող է աջակցել նրանց: Ի վերջո, պետության գոյության իմաստը կայանում է հենց դրանում՝ աջակցել և պաշտպանել բարիք ստեղծող մարդկանց, և նրանց աշխատանքի արդյունքի մի մասը վերաբաշխել հասարակության այլ շերտերի միջև:

Հայաստանի ամենահայտնի գործարարը թերևս Գագիկ Ծառուկյանն է: Վերջին մեկ տարվա ընթացքում նա հայտարարել է Հայաստանի տնտեսության մեջ հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումների մասին՝ սկսած տեքստիլ արդյունաբերությունից մինչև Հայաստանի համար այնքան կարևոր արևային էնեգետիկա, հյուրանոցային բիզնեսից մինչև շինարարություն: Այդ ներդրումների շնորհիվ ստեղծվում են ոչ միայն հարյուրավոր և հազարավոր աշխատատեղեր, այլ վճարվում են միլիարդավոր դրամների հարկեր, որոնք ուղղվում են պետության ամենատարբեր կարիքների բավարարմանը: Իսկ լսել է որևէ մեկը, որ դրա մասին խոսեն կամ գնահատեն դա: Բայց բավարար է, որ ինչ որ մեկը մի քանի հազար կամ միլիոն դրամ գումար թաքցրած լինի հարկային մարմիններից, դա տանեն կապեն Ծառուկյանի հետ, ու սկսեն գրել, թե բա հայ հարայ հասեք՝ Ծառուկյանը հարկեր է թաքցնում: Հայաստանում պետք է էապես փոխվի վերաբերմունքը գործարարի և գործարարության նկատմամաբ, և դա առաջին հերթին պետք է սկսվի իշխանությունից: Իշխանությունը պետք է հասկանա, որ ինքը գոյություն ունի այդ գործարարի աշխատանքի ու վճարած հարկերի շնորհիվ և իր գործունեությունը պետք է ուղղված լինի գործարարության համար ավելի նպաստավոր պայմանների ապահովմանը, և ոչ թե հակառակը, գործարարը գոյություն ունի, որ իր աշխատանքով ու հարկերով պահի իշխանությանը:

ArmLife.am