Search
Close this search box.

Ձյան փափկությունը վաղուց է կոպտացել, քարացել, ճերմակությունը մրոտվել է անցնող գորշ տարիների պես. Լուսինե Խաչատրյան

Լրագրող Լուսինե Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Անձվերը մնում ա անձվեր, ձուն չի դառնում»:
Անձրևը ձյան չփոխվեց՝ Սուրենյանին լսիր, բայց պատկերացրու հակառակը, ավելի ճիշտ՝ ոչ էլ լսիր:
Կանխատեսումների վաղուց չեմ հավատում, չեմ էլ հետևում, որովհետև իրականությունն է դարձել խաբուսիկ:
Ձյան հմայքի ու սպասման կարոտը ջնջվել է դեռևս մանկությունից, որովհետև փաթիլների հետ չեն վերադառա տաք ու նվիրական երազանքները, որոնք մնացին վաղ անցյալում՝ հուշերի մեջ մոլորված ու բզկտված:
Ձյան փափկությունը վաղուց է կոպտացել, քարացել, ճերմակությունը մրոտվել է անցնող գորշ տարիների պես, իսկ Ամանորի հեքիաթը փոխել է իր գույնն ու բովանդակությունը, որովհետև հեքիաթդ զարդարող ամենթանկ ու կարևոր հյուրերը վաղուց չկան, ժամանակը անխնա խլել է սիրելի հերոսներիդ. նրանք այնտեղ են՝ վերևում, որտեղ ծնվում են փաթիլները:
Աստծո գոյության գաղափարը անքննելի է, աստվածավախությունը ժառանգել եմ նախնիներիցս, սակայն տարիների հետ համոզվել, որ այդ զորավոր ուժը հենց նախնիների սերն է, լույսը, որ պահում ու պահպանում է մեզ:
Հատկապես Ամանորի շեմին եմ զգում նրանց պակասը, կարոտը դառնում է անկառավարելի, իսկ ձյունից ավելի է մրսում տարեցտարի թուլացող, բաց թիկունքս:
Տարիները ստիպում են արժևորել, փայփայել եղածը ու եկող տարուց թախանձագին խնդրել, որ պահի և պահպանի բոլոր մոտիկ ու հեռավոր սիրելիներիդ:
Իմ թանկագին ընկերներ, ձեզանից յուրաքանչյուրը ինձ համար արժեք է՝ անփոխարինելի, նմանը չունեցող, ամեն մեկիդ խոսքը, ժպիտը, հոգատարությունը այնպիսի ուժ են հաղորդել, պարտավորեցրել, պարուրել անասելի հպարտության, երջանկության զգացողությունով:
Կուզեմ, որ անցնող տարին մաքրի բոլոր դառնությունները, որ ամենաջերմ լույսերով և գույներով զարդարված լինեն մոտեցող ու մյուս բոլոր տարիները, չպակասեն ժպիտները, անմնացորդ սիրո, ուշադրության պակաս ոչ ոք չունենա և չունենանք ոչ մի բացակա:
-Ու թե աշխարհում էլ հրաշք չկա, թող գոնե ձմռան երկինքը ձյունի….