Search
Close this search box.

Նիկոլը կգնա Լինկոլնի հետքերով

Ներկա հայաստանյան իրականությունում թերևս հետաքրքիր կլինի դիտարկել Լինկոլնի օրինակը, ֆեսբուքյան իր էջում գրում Թևան Պողոսյանը,ապա շարունակում.

Երբ Լինկոլն ընտրվում է ԱՄՆ նախագահ, նա իր նախկին քաղաքական ընդդիմախոսներից ոմանց նշանակում է տարբեր պաշտոններում կամ որպես խորհրդականներ։ Ընտրելով այնպիսի մարդկանց, որոնք, ինչպես ինքն արդեն գիտեր, համաձայն չեն իր հետ, կամ իր քաղաքական հայացքներից տարբերվող հայացքների տեր էին՝ նա համոզված էր, որ շրջապատված է լինելու իր մտքերը վիճարկող, այլ ոչ թե ամեն ինչում իր հետ համաձայնվող մարդկանցով։ Սա նշանակում էր, որ իր որդեգրած քաղաքականությունները հստակորեն փաստարկված և արդարացված են լինելու։

Սա քաղաքական առաջնորդության համար անհրաժեշտ հմտության՝ ընդդիմախոսներին լսելու ունակության, լավագույն օրինակներից է. ոչ թե համաձայնվելու նպատակով, այլ որպեսզի համոզվես, որ քո իսկ միտքը կարող է շահել քննադատությունից։

Պատմաբան Դորիս Գուդուինի «Մրցակիցների թիմը» գրքում կարելի է ծանոթանալ մանրամասներին, թե ինչպես Լինկոլնին հաջողվեց հասնել այս նպատակին։ Ահա մի քանի հատված գրքից.

«Նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Լինկոլնի աննախադեպ որոշումն իր քաղաքական ընտանիքում՝ կառավարությունում, որոշ պաշտոններում նշանակել իր ակնառու մրցակիցներին, լիակատար ինքնավստահության ապացույց էր, ինչպես նաև նրա մեծության առաջին նշանը, որը թերևս անակնկալ էր այլոց համար։

Սիուորդը զբաղեցրեց պետքարտուղարի պաշտոնը, Չեյզը՝ ֆինանսների նախարարի, իսկ Բեյթսը՝ գլխավոր դատախազի։ Մնացած բարձրաստիճան պաշտոնները Լինկոլնն առաջարկեց երեք նախկին դեմոկրատների. Գիդեոն Ուելլսը, Լինկոլնի «Նեպտունը», դարձավ ռազմածովային ուժերի նախարար, Մոնթգոմերի Բլերը՝ հանրային փոստի կառավարիչ, իսկ Էդուին Սթենթոնը՝ Լինկոլնի «Մարսը»՝ ի վերջո դարձավ պաշտպանության նախարար։ Այս կառավարության յուրաքանչյուր անդամ շատ ավելի հայտնի էր, շատ ավելի կրթված և հանրային կյանքում շատ ավելի մեծ փորձ ուներ, քան Լինկոլնը։ Կառավարությունում նրանց ներկայությունը թերևս կարող էր ստվերել պրերիաներում կորած Սփրինգֆիլդից ինչ-որ անհայտ փաստաբանի։ Սակայն շուտով պարզ է դառնում, որ Աբրահամ Լինկոլնն այս միանգամայն տարօրինակ կառավարության, իսկապես մրցակիցներից կազմված թիմի, անվիճարկելի կապիտանն է։ Այս ուժեղագույն մրցակիցները, որոնք սկզբում ուղղակի քամահրանքով էին վերաբերվում Լինկոլնին, դարձան գործընկերներ, որոնք օգնեցին նրան առաջնորդել երկիրն իր ամենամութ օրերի միջով։

Սիուորդն առաջինն էր, ով գնահատեց Լինկոլնի արտակարգ տաղանդը՝ արագ հասկանալով, որ նախագահին ընդամենը խորհրդանշական դերում սահմանափակելու իր պլանն ուղղակի անիմաստ է։ Հետագա մի քանի ամիսների ընթացքում Սիուորդը դարձավ Լինկոլնի ամենամտերիմ ընկերն ու խորհրդատուն կառավարությունում։ Թեև Բեյթսն սկզբում Լինկոլնին համարում էր լավ մտադրություններ ունեցող, սակայն ոչ բանիմաց վարչարար, վերջիվերջո եկավ այն եզրահանգմանը, որ նախագահն անզուգական առաջնորդ է, «գրեթե կատարյալ մարդ»։ Էդուին Սթենթոնը, ով իրենց ծանոթության սկզբում Լինկոլնին արհամարհանքով էր վերաբերվում, գլխավոր հրամանատարի հանդեպ մեծագույն հարգանով լցվեց և նախագահի մահից հետո մի քանի շաբաթ շարունակ անկարող էր զսպել արցունքները։ Էվան Չեյզը, որի նախագահ դառնալու անխոջ հավակնությունը երբեք չիրականացավ, ի վերջո ընդունեց, որ Լինկոլին հաջողվեց իր հմտությամբ և մանևրելու ճարպկությամբ գերազանցել իրեն։

Սա Լինկոլնի քաղաքական հանճարի պատմությունն է, հանճարի, որը դրսևորվեց նրա բազմաթիվ անձնական հատկանիշների արտակարգ շարքով, որի շնորհիվ նա կարողացավ ընկերական հարաբերություններ հաստատել այն մարդկանց հետ, ովքեր նախկինում ընդդիմանում էին նրան, օգնել ուրիշներին հաղթահարել վիրավորվածության զգացողությունը, որը, եթե անտեսվեր, կարող էր փոխակերպվել մշտական թշնամության, պատասխանատվություն վերցնել իր ենթակաների ձախողման համար, հեշտությամբ ճանաչել և գնահատել յուրաքանչյուրի լուման ընդհանուր գործում և սովորել սխալներից։ Նա խորապես հասկանում էր, թե որոնք են նախագահությանը հատուկ իշխանության աղբյուրները։ Նա իր կառավարող կոալիցիան միասնական պահելու եզակի ունակություն ուներ, ինչպես նաև ժամանակի անասելի սուր զգացողություն։ Նա միանգամայն սթափ էր գնահատում իր նախագահական արտոնությունները պաշտպանելու կարիքը։

Իր կառավարությունում մեծ «էգո»-ներով մարդկանց հետ հարաբերվելու գործում Լինկոլնի հաջողությունը թույլ տալիս ենթադրել, թե իսկապես մեծ քաղաքական գործչի ձեռքերում այն հատկանիշները, որոնք մենք կապում ենք պարկեշտության և բարոյականության հետ՝ բարություն, զգայունություն, գթասրտություն, ազնվություն և էմպատիա, կարող են ծառայել նաև որպես տպավորիչ քաղաքան ռեսուրսներ։»