Search
Close this search box.

Կարեն Օհանջանյանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել

Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որպես Արցախի Հանրապետության քաղաքացի՝ երբեք չէի մտածի, որ Հայաստանի ղեկավարը երբևէ կարող է հասնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ չարության այնպիսի մակարդակի, ինչպես հիմա է տեղի ունենում:

Հայաստանի ոչ մի ղեկավար, ոչ մի պաշտոնատար անձ երբեք իրեն թույլ չի տվել անհիմն հրապարակային պատիժ կազմակերպել Արցախի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների նկատմամբ:

Պարոն Հայաստանի վարչապետի պաշտոնակատար, ո՞վ է Ձեզ թույլ տվել հարազատ պետության ղեկավարին անհարիր կերպով արտահայտվել Արցախի ղեկավարների հասցեին: Նման բան իրեն թույլ չի տալիս նույնիսկ մեզ թշնամի պետության ղեկավարը:

Մի մոռացեք, որ մեր ժողովուրդն ընտրել էմեր նախագահին և իշխանության մարմիններին ամբողջությամբ թափանցիկ և մրցակցային հիմքի վրա: Ես արտահայտում եմ Արցախում էական թվով մարդկանց կարծիք, որոնք վրդովված են Ձեր պահվածքից և պահանջում են Ձեզնից ճանաչել սեփական չափը և այն, թե որտեղ են ավարտվում ձեր իրավասությունները:

Դուք պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրեք մեր ժողովրդից հասցված վիրավորանքների և մեր ժողովրդի ազգային անվտանգության մակարդակն իջեցնելու համար:

Հանդիսանալով Արցախում թավշյա հեղափոխության ամենամեծ քարոզիչը, այս մի քանի օրերի ընթացքում Դուք տարված լինելով նախընտրական արշավով՝ արեցիք ամեն հնարավորը, որպեսզի այնպիսի մարդիկ, ինչպիսին ես եմ, սկսեն մեջքով շրջվել Ձեզ և սիրո հեղափոխության գաղափարին:

Ձեր բերանից սիրո և հանդուրժողականության քարոզի փոխարեն՝  ատելություն է հոսում բոլոր նրանց ուղղությամբ, ովքեր ինչ-որ հարցերում համաձայն չեն Ձեր հետ:

Հանդուրժողական եղեք և հետևեք ապրիլյան հեղափոխության ոգուն: Ինչ վերաբերում է Արցախի ճակատագրին, ապա իմացեք մեկ բան` մենք պաշտպանում ենք մեր իրավունքը՝ որոշելու՝ ինչպես ապրել, ում ընտրել և ում կարդալ: Եվ Աստված հեռու տանի, եթե որևէ մեկը փորձի դրսից միջամտել և թելադրել մեզ` ինչպես ապրել: Դեռ մնում եմ ապրիլյան թավշյա հեղափոխությանը հավատարիմ: Անկեղծ՝ Ձեր Կարեն Օհանջանյան»