Search
Close this search box.

Գագիկ Համբարյան. Ջաննի Ռոդարին՝ ՀՀ կառավարության “խորհրդական” (տեսանյութ)

ՀՀ իշխանությունների ծրագիրը՝հարկել “խոպանչիների” եկամուտները մեծ աղմուկ բարձրացրեցին Հայաստանում և հանրապետությունից դուրս:
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի լրագրողներին տված մեկնաբանություններից մեկ բան հասկացա՝ սույն անձը բացարձակ կտրված է հասարակությունից:  Չեմ անդրադառնա պարոն Անանյանի բացատրություններին: Միայն մեկ դիտարկում:

ՀՀ ՊԵԿ նախագահն իր մեկնաբանություններում մի քանի անգամ արտասանեց “բոլոր քաղաքակիրթ երկրներ” արտահայտությունը: Այո՛, պարոն Անանյան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն,  Գերմանիան, Ճապոնիան և շատ այլ երկրներ, ի տարբերություն Հայաստանի “քաղաքակիրթ” են: “Քաղաքակիրթ” լինելու գլխավոր պայմաններից մեկը՝ հենց բարեկեցիկ հասարակություն ունենալն է, այլ ոչ թե հայաստանյան հասարակությունը, որի ընդամենը 5 տոկոսն է շատ բարեկեցիկ, 15 տոկոսը միջին խավն է, 65 տոկոսը աղքատներն են, իսկ մնացած էլ գրեթե սոված են:

Նախ, ՀՀ կառավարությունը պետք է ամեն ինչ անի,որ հանրապետության բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը բարելավի ` մոտեցնելով նրան, պարոն Անանյանի մատնանշած “քաղաքակիրթ” երկրների հասարակության մակարդակին, իսկ հետո նոր պետք է մտածի խոպանչիների եկամուտները հարկելու մասին:  Բացի այդ, պարոն Անանյանը նաև պարզվում է “ստուկաչության” կողմակից է: Ի՞նչ է նշանակում, արտերկրում ոչ օրինական աշխատողները հատուկ կհարկվեն:

ՀՀ ՊԵԿ-ի նախագահը երևի մտածում է, որ այդ մարդիկ “լավ օրից” են, որ գնացել են և խախտելով համապատասխան երկրների օրենքները ոչ օրինական են աշխատում, որ Հայրենիք հետ վերադառնալիս էլ դրամով “պատժվեն”՝ անօրինական աշխատելու համար և մեխանիկորեն բացահայտելով նրանց աշխատանքի ընդունողների “ով” լինելը:  Համոզվածեմ, որ դրանից հետո այդ մարդկանց որևէ մեկը էլ աշխատանքի չի ընդունի:

Զարմանալի է:  ՀՀ իշխանությունները նոր աշխատատեղեր ստեղծելու և ահագնացող արտագաղթը կանխելու փոխարեն գրեթե նույն սխալներն են անում, ինչ նախորդ իշխանությունները և հասարակությանը տրամադրում են իրենց դեմ:
Որքան հասկանում եմ, հայաստանյան կառավարությունների գլխավոր խորհրդականը հայտնի իտալացի մանկական գրող և լրագրող Ջաննի Ռոդարին է՝ “Չիպոլինոյի արկածները” հեքիաթի հեղինակը:  Հենց այս ստեղծագործությունը ուսումնասիրելիս, ժամանակին ընդօրինակելով հեքիաթի հերոսներից մեկին,  հայաստանյան իշխանությունները մտցրեցին, այսպես կոչված “օդի հարկը”:  Հիմա էլ այս իշխանություններն են փորձում զավեշտալի հարկատեսակներ մտցնել:

Ռոդարիի հեքիաթի հիման վրա նկարահանված մուլտֆիլմից մի հատված եմ տեղադրում, որ տեսնենք,թե հաջորդիվ ինչ նոր հարկատեսակներ են մեզ սպասում:

Հ.Գ.Հարգելիներս, սթափվեք, քանի դեռ ուշ չէ: Այսպիսի հարկատեսակների մտցնելու մասին նույնիսկ հանրային քննարկումները ժամանակավրեպ են և բումերանգի նման հարվածում են գործող իշխանություններին: