Search
Close this search box.

Աննա Հակոբյանը երկու անգամ այցելել է Կարեն ընտանիքին, նրան վերադարձնելու հարցը հեշտ չէ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին: Այս մասին տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա մանրամասնեց, որ ծնողների կողմից դիմում է ստացել հանդիպման ակնկալիքով, որից հետո հանձնարարել է կազմակերպել հանդիպումը: Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ իր կինը` Աննա Հակոբյանը, երկու անգամ արդեն իսկ այցելել է այդ ընտանիքին, ինչը նշանակում է, որ երբեք էլ Կարեն Ղազարյանի հետ կապված այդ հարցը ուշադրությունից դուրս չի եղել:

«Բայց այն օրվա ակցիան, ճիշտն ասած, հարցեր առաջացրեց ինձ մոտ, այդ հարցերը հետևյալն են` ո՞ւմ դեմ էր ուղղված այդ ակցիան, ո՞ւմ դեմ, եթե դա Ադրբեջանի իշխանության գործողությունների դեմ էր, ինչու էին այդ դեպքում փակում ճանապարհը, որն ընդհանրապես Ադրբեջանի ստրատեգիական նպատակներից մեկն է: Եթե այդ ակցիան մեր դեմ էր, նրա համար, որ մենք բավարար ուշադրություն չենք դարձնում խնդրին, այդ դեպքում հարց է ծագում` ինչո՞ւ էր վարչապետի կինը երկու անգամ այցելում ընտանիքին, և արդյոք մենք ունե՞նք այդպիսի նախադեպ, երբ որ այդ իրավիճակում հայտնված ընտանիքն այսպիսի ուշադրության է արժանանում: Եթե խոսքն այն մասին է, որ Հայաստանը պետք է հետ վերադարձնելու կամ փոխանակման ուղղությամբ ջանքեր գործադրի, իհարկե, պետք է գործադրի, բայց արդյոք պե՞տք է այդ պրոցեսը համապատասխանի ՀՀ-ի շահերին, թե մենք ասում ենք` ինչ գնով ուզում է թող վերադարձնի, դրանից հետո ինչ կլինի, ինչ արձագանքներ կլինեն, ընդհանուր առմամբ հանրությունը ոնց կվերաբերվի դրան, ինչ գնահատականի կարժանանա, կարևոր չէ»,-շեշտեց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցը հեշտ լուծվող չէ, բացի այդ, Կարեն Ղազարյանը միակը չէ այդ իրավիճակում:

«Մի հատ էլ այդպիսի իրավիճակում գտնվող տղա ունենք, նա ևս գերության մեջ է, իսկ ինչու նրա համար ճանապարհներ չեն փակում, որովհետև նա որբանոցի երեխա է դրա համա՞ր, այս տրամաբանությա՞մբ ենք առաջնորդվում` որբանոցի տղա է, ոչինչ, թող մնա այնտեղ»,- նկատեց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է քննարկել հարցի լուծմանը վերաբերող եղանակները, հիմա շատ է խոսվում այն մասին, որ Ադրբեջանը առաջարկում է փոխանակել բոլորին բոլորի հետ, բայց հարց է. արդյոք պե՞տք է գնալ այդ ճանապարհով: Նիկոլ Փաշինյանը հարցադրում արեց, թե արդյոք այդպիսի ճանապարհը քննարկողները հարցրե՞լ են այն երկու ընտանիքներին, ովքեր կորուստ են ունեցել Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործողությունների արդյունքում:

«Հիմա մեկը ԱՀ-ում ցմահ ազատազրկման է դատապարտված, մյուսը՝ 20 տարի ազատազրկման, որովհետև նրանք երկու հոգու, այդ թվում՝ պատանու են իրենց տան մեջ սպանել, կոնկրետ երկու մարդ սպանել են մեկ հոգու վիրավորել: Հիմա մենք համաձա՞յն ենք, ևս երկու «Ռամիլ Սաֆարո՞վ» ենք վերադարձնում Ադրբեջանին, համաձա՞յն ենք այս տարբերակին:Ես հասկանում եմ, շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում այդ ընտանիքի վշտին, բայց ես ուղիղ եմ ասում՝ հայ-վրացական ճանապարհը փակելը ինձ համար ուղղակի անհասկանալի էր»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե որևէ մեկը մտածում է, որ ինչ-որ բան կարող էին անել և չեն արել պարզապես իրավիճակը ճիշտ չեն ընկալում:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Ղազախի շրջանի ուղղությամբ հետ է մղել Հայաստանի զինված ուժերի, ադրբեջանական մամուլի ձևակերպմամբ, դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերի է վերցվել։ Այս հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից նշվող անձն իրականում Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն է, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ, չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։

Հիշեցնենք, որ Կարենի ծնողները, համագյուղացիները վեջին մի քանի օրերին նրան ՀՀ վերադարձնելու պահանջով բողոքի ակցիա էին կազմակերպել` փակելով նաև հայ-վրացական ճանապարհը: